«Առաջնորդի փոխարեն այսուհետ կունենանք մի քանի օլիգարխիական կլաններ». Մ. Զոլյան

zolyan

«Թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում մարդիկ անհանդուրժող են տարբերությունների հանդեպ: Հայաստանցիները չեն կարողանում լեզու գտնել սփյուռքահայերի հետ, դաշնակցականները՝ հնչակյանների և ռամկավարների հետ, էջմիածնականներն՝ անթիլիասականների հետ, առաքելականները՝ հայ կաթոլիկների և հայ բողոքականների հետ…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որոնք են եղել այն խանգարող հանգամանքները, որ տարիներ շարունակ սփյուռքի ներուժը չի ծառայեցվել մեր երկրի ներսում կարևորագույն խնդիրներ լուծելուն, կարծիք է հայտնել քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Հարցազրույց ամբողջությամբ՝ ստորև:

-Պարոն Զոլյան, ինչպե՞ս մոտիվացնել միլիոնավոր հայերի՝ դերակատարություն ունենալ Հայաստան պետության կայացման գործում: Հասկանալի է, որ նույն արժեհամակարգի կրողն է հայը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Այնուամենայնիվ, ինչպե՞ս ներգրավել նրանց, որ դառնան գործոն:

-Նախ համաձայն չեմ, որ նույն արժեհամակարգի կրողն են բոլոր հայերը։ Անգամ Հայաստանում ապրող հայերի մասին նման կարծիքի չեմ, առավել ևս սփյուռքի հայերի հարցում գոյություն չունի նրանց միավորող արժեհամակարգ։ Ընդհանրապես, բավականին դժվար հարց է՝ ինչի վրա է հիմնված հայերի ինքնությունը տարբեր երկրներում: Որոշ դեպքերում դա լեզուն է, որոշ դեպքերում՝ կրոնը, որոշ դեպքերում պատմական հիշողությունը և այլն։ Սակայն այդ բազմազանությունը չի խանգարում, որ աշխարհի հայերը մասնակցեն Հայաստանի կայացմանը։ Պարզապես դա նշանակում է, որ չկա միասնական լուծում, այնպիսի դեղատոմս, որը բոլոր դեպքերում կաշխատի։ Այսինքն այն, ինչ կաշխատի Ռուսաստանի հայերի դեպքում, կարող է չաշխատել ամերիկահայերի դեպքում, և հակառակը։

-Անկա՞խ է արդյոք սփյուռքը:

Այս դեպքում էլ միանշանակ պատասխան չկա։ Եթե նկատի ունենք Սփյուռքի կառույցների ինքնուրույնությունը, ապա ակնհայտ է, որ տարբեր երկրներում այն շատ տարբեր է։ Արևմտյան ժողովրդավարական երկրներում նրանց անկախության աստիճանը բավականին բարձր է։ Որոշ դեպքերում, ընդհակառակը, սփյուռքի կառույցները գտնվում են տվյալ երկրի ազդեցության և վերահսկողության ներքո։ Ռուսաստանի և մյուս հետխորհրդային երկրների պարագայում հայկական կազմակերպությունների դեպքում կարելի է խոսել իշխանությունների վերահսկողության մասին, թեև բնականաբար։ Այդ առումով ամենավատ վիճակում երևի գտնվում է Պոլսի հայությունը։

-Որո՞նք են եղել այն խանգարող հանգամանքները, որ տարիներ շարունակ սփյուռքի ներուժը չի ծառայեցվել մեր երկրի ներսում կարևորագույն խնդիրներ լուծելուն:

Նախ ինչ-որ չափով ծառայեցվել է, չի կարելի ասել, որ ընդհանրապես չի ծառայել։ Սակայն, իհարկե, ոչ ամբողջությամբ։ Գործոնները շատ են, դրանց մասին շատ է խոսվել, ընդ որում, մեղքի իր բաժինն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը։ Բայց կա նաև մի կարևոր խնդիր, որը ես կառանձնացնեի՝ անհանդուրժողականությունը տարբերությունների նկատմամբ։ Թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում մարդիկ անհանդուրժող են տարբերությունների հանդեպ. հայաստանցիները չեն կարողանում լեզու գտնել սփյուռքահայերի հետ, դաշնակցականները՝ հնչակյանների և ռամկավարների հետ, էջմիածնականներն՝ անթիլիասականների հետ, առաքելականները՝ հայ կաթոլիկների և հայ բողոքականների հետ և այլն։ Արդյունքում մարդիկ չեն կարողանում մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և միասին աշխատել ընդհանուր նպատակների համար։ Նոր սերնդի մոտ ես տեսնում եմ, որ այդ տարբերությունները սկսում են հաղթահարվել, բայց դեռևս թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը երկար ճանապարհ ունեն այս անհանդուրժողականությունը հաղթահարելու համար։

-Այս օրերին տեղի են ունենում վերադասավորումներ ներքաղաքական կյանքում: Ինչպիսի՞ Հայաստան կունենանք ապրիլից հետո:

Նույնպիսին, ինչպես այսօր։

Կարծում եմ, էական փոփոխություններ չեն լինի։ Սակայն հետագայում պառլամենտական համակարգը կսկսի իր տրամաբանությունը թելադրել։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական կամ արդյունավետ։ Պարզապես մեկ առաջնորդի փոխարեն, ինչպես ունենք այսօր, կունենանք մի քանի օլիգարխիական կլաններ, որոնք խորհրդարանում իրար հետ լեզու կգտնեն և կբաժանեն երկիրն իրար մեջ։

-Երկրի ներսում առկա ռեսուրսով փաստացի չի հաջողվել իրավական, ժողովրդավարական պետություն կայացնել: Փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսով, ընտրակեղծիքներով, ունեցած լծակներով հաջողությամբ և մի քանի անգամ իշխանությունները կարողացան հասնել իրենց նպատակին և վերարտադրվել:

Արդյո՞ք ստեղծված իրավիճակը փակուղային չէ:

-Իհարկե, փակուղային է։ Ճիշտ է, աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնք տասնամյակներով շարունակում են գոյատևել նման պայմաններում։ Սակայն այդ երկրներից Հայաստանը տարբերվում է երկու բանով. մենք ունենք փոքրաթիվ բնակչություն, որը շարունակում է նվազել, և, երկրորդ՝ ունենք լուրջ անվտանգության մարտահրավեր՝ ղարաբաղյան կոնֆլիկտ։ Հետևաբար, Հայաստանը չի կարող տասնամյակների ընթացքում հանդուրժել անվերջ մնալ նման պայմաններում։ Այս իրավիճակը կարելի է պահպանել երեք-չորս-հինգ, տասը տարիների ընթացքում, բայց ոչ տասնամյակների ընթացքում։

 

Դիտվել է՝