Անփոխարինելի ասելով՝ ՀՀԿ-ն նկատի չունի, որ աշխարհը շուռ կգա, կամ կյանքը կանգ կառնի Հայաստանում

serj sargsyan

ՀՀԿ-ականները շարունակում են տարբեր հիմնավորումներ ներկայացնել՝ Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, որ այո, Սերժ Սարգսյանն ասել է, որ չի առաջադրվի նախագահի եւ վարչապետի պաշտոնում, սակայն այսօր իրենք չունեն այլ թեկնածու եւ պետք է իրենց կարծիքը ներկայացնեն Սարգսյանին:

Կուսակցության ձախողում չի համարում այլ թեկնածու չունենալը: Իրականում, ասում է, «ամենալավագույն վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը»:

«Մենք ոչ թե խնդրում ենք նրան, որ գա, այլ մենք տեսակետ ունենք նրա գալու պայմանների մասին: Այստեղ խնդրել-չխնդրելու հարցը չի: Եվ ես չեմ կարծում, որ այն խնդիրները, որոնք մենք կներկայացնենք, դրանից հետո պիտի ասի՝ չեմ գալու: Դա մեր ազգի համար կարեւորագույն արժանիքներից մեկն է : Ոչ թե նրա համար, որ իմ կուսակցության ղեկավարն է կամ երկրի պրիզիդենտն է: Թողեք Հանրապետականին եւ ասեք, որ թող Սերժ Սարգսյանը չլինի, բայց լինի այսինչ մարդը, որպեսզի քննարկենք այդ մարդու գալ-չգալու հարցը: Կա՞ այդպիսի մարդ, որեւէ մեկը…»,- ասում է անորոշության մեջ հայտնված Գալուստ Սահակյանը:

Նա անգամ չի պատկերացնում, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի: Ասում է՝ չի մտածել այդ մասին, որովհետեւ վստահ է, որ իր կուսակցության ղեկավարը չի հրաժարվի:

«Երբ որ իմ հանրապետական գործընկերներն ասում են «անփոխարինելի», ի նկատի չունեն, որ ասում են՝ եթե մեր կուսակցության առաջնորդը չլինի, աշխարհը շուռ կգա, կամ կյանքը կանգ կառնի Հայաստան աշխարհում: Խոսքը դրա մասին չի: Երբ ասում են «անփոխարինելի», ի նկատի ունեն, որ այսօր գործող քաղաքական գործիչների կազմում իրենից ավելի լավ, մեր սուբյեկտիվ կարծիքով, որեւէ մեկը չի կարող իրականացնել քաղաքական թիմի լիդերի պարտականությունները»,- իր հերթին հավելում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի քննադատություններին՝ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, որքան Հայաստանի գործող իշխանությունները:

«Մենք ունենք քաղաքական կամք, մենք ուշադիր կլսենք մեր բոլոր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները, եւ եթե կարիք լինի, նոր թափով կսկսենք այդ բարեփոխումներն իրականացնել»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝