Գնացքից թռչելու ժամանակը

115726 (1)

Հին դեմքերով, բայց նոր անուն ստացած մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իր 10 հոգանոց կազմով պատրաստ է արդարադատության շղարշը դեմքին ներկայանալ որպես անկախ պետական մարմին, որը, համաձայն փոփոխված սահմանադրության, երաշխավորն է դառնալու դատարանների և դատավորների անկախության:

Այսպիսով, ավարտվեց փայլփլուն թղթերով հերթական «ապրանքի» փաթեթավորումը, և շուտով այն կհանվի վաճառքի, մանավանդ, երբ «գնորդը» ոչ միայն նշմարվում է, այլ նաև կարծես թե գոհ է ընթացող պրոցեսներից և, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, նաև հավատում է, որ ձևավորված մարմինը կաշխատի այնպես, որ կբարձրանա քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

Անկախության վակուումում աշխատող  «անկախականները»

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության շրջանում իշխանության ներկայացուցիչները ջանք չխնայեցին «ապրանքի» դերը կարևորելու առումով, ասես հենց այս մարմնի բացակայությունն է խանգարել ունենալու սահմանադրորեն ամրագրված անկախ դատական համակարգ:

Նորաստեղծ մարմնի անկախությունը երաշխավորեց տարիներ շարունակ անկախության ճգնաժամում աշխատած ՀՀ ՍԴ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ով մարտի 5-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

«Սա դատարանների համակարգ չէ, որն սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել և հակակշռել մյուս իշխանության թևերին»,- ասաց Գագիկ Հարությունյանը, ով տասնյակ տարիներ անուրանալի ծառայություններ է մատուցել օրվա իշխանությանը՝ սպասարկելով բացառապես նրանց շահերը:

Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամները ևս իրենց հերթին խոստացան ցուցաբերել չեզոքություն և արմատական փոփոխություններ անել:

Հիշեցնենք, այս ամենն ասում են մարդիկ, ովքեր ժամանակին պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել և ունեցել են լծակներ՝ կյանքի կոչելու իրենց պատկերացրած բարեփոխումները՝ իրենց չափով: Մինչդեռ մեծ ջանքեր պետք չեն յուրաքանչյուրի կենսագրության մեջ գտնելու դրվագներ, թե ինչպես են իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն ապացուցել իշխանություններին, հետևաբար՝ ինչու է հենց նրանց անունները տեղ գտել արդարադատության խորհրդին փոխարինած մարմնում:

Ստորև՝ «անկախության երաշխավորները»

Գագիկ Հարությունյան՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ

Գևորգ Դանիելյան՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար

Լիպարիտ Մելիքջանյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու

Հայկ Հովհաննիսյան՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ

Սերգեյ Մեղրյան՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ 

Արմեն Բեկթաշյան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Անի Մխիթարյան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Սերգեյ Չիչոյան՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր

Արմեն Խաչատրյան՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 Ռուզաննա Հակոբյան՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր

«Գնորդին» որակը կարծես քիչ է հետաքրքրում

Այն շրջանում, երբ լեգիտիմության խնդիր ունեցող խորհրդարանն ընտրում էր լեգիտիմության խնդիր ունեցող ՀՀ նախագահին և բարձրագույն դատական խորհրդի անդամներին, իր կարծիքը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ն իրականացնում է կոնկրետ գործողություններ՝ օգնելու Հայաստանին բարեփոխել դատական համակարգը, որն, ըստ մեզ, պետք է առաջնահերթություններից ամենակարևորներից լինի»,- ասաց նա և հավելեց, թե ԵՄ-ն հավատում է, որ նոր սահմանադրության և նոր դատական խորհրդի ձևավորման պայմաններում և նոր ջանքերի ներդրման արդյունքում կհաջողվի բարձրացնել դատական համակարգի հանդեպ վստահությունը:

Ինչո՞վ է պայմանավորված այս վստահությունը, դարձյալ չպարզաբանված մնաց: Փոխարենը ԵՄ դեսպանն արձանագրում է.

«Հայաստանը վերջին 25 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել, և դա հանդիսանում է մեր նոր որակի համագործակցության հիմքը: Այս հիմքի վրա մենք պետք է առաջ շարժվենք, մենք տեղ չունենք բողոքելու և պետք է կանգ չառնենք ձեռք բերված դափնիների վրա և պետք է օգնենք Հայաստանին ավելի մոտ դառնալ եվրոպական չափորոշիչներին ու նորմերին»:

Տեղի ունեցող զարգացումների ֆոնին ծաղր է թվում այս հայտարարությունը: Որո՞նք են ձեռք բերված դափնիները՝ կոռումպացված և գործադիր իշխանությանը կցված դատական համակա՞րգը, Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարո՞ւմը, նրա վերարտադրությո՞ւնը, Հայաստանի հետընթա՞ցը ժողովրդավարական արժեքներից…

Երբ փտած համակարգի գարշահոտությունը կոծկելու և գոյությունը որոշ ժամանակով էլ քարշ տալու համար վարչախումբը ռեստավրացիայի է ենթարկում հին ու նոր գործիչներին, սուպերվարչապետության լիազորություններով օժտում հայտնի թեկնածուին, այս որակի իշխանության գործընկեր դիվանագետն իրականությունից կտրված հիացական հայտարարություններ է անում, որ չպետք է կանգ առնեն, որ պետք է շարունակեն Հայաստանին մոտեցնել Եվրոպային, և որ իրենք բողոքելու տեղ չունեն:

Հիրավի, արժանի գործընկերության ականատեսն է լինում ՀՀ քաղաքացին: Միայն թե դեպի «եվրոպական չափորոշիչներին ու նորմերին» մոտեցնող գնացքում երրորդը կարծես ավելորդ է: ՀՀ քաղաքացուն դեպի կործանում տանող այդ գնացքից թռչելու ժամանակն է:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝