Եզդիներն առաջիկա ընտրությունների գերին են

AP371830215927

Իրաքում այս տարվա մայիսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրում տիրող ներքաղաքական զարգացումների, եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին, ով այս օրերին գտնվում է Իրաքում:

-Այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում եզդի համայնքն Իրաքում: Շարունակո՞ւմ են մարդիկ ապրել վրաններում:

image-Իրավիճակը եզդի համայնքի առումով որևէ դրական փոփոխության չի ենթարկվել: Այո՛, մարդիկ շարունակում են ապրել վրաններում, և դեռ մի քանի ամիս էլ այս իրավիճակը չի փոխվի: Իրաքում այս պահին քաղաքական ուժերը տարված են մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններով, և որևէ մեկը չի պատրաստվում զբաղվել եզդիների խնդիրներով:

 -Եզդիաբնակ Շանգալն արդեն ազատագրված է, ինչո՞ւ մարդիկ չեն վերադառնում իրենց բնակավայրեր:

-Այո՛, տարածքն ազատագրված է, բայց հազարավոր շենքեր քանդված ու պայթեցված են, ու մարդիկ չեն կարող բնակվել այդ շենքերում, բայց կա մեկ այլ առավել մեծ խոչընդոտ: Բան այն է, որ քրդական ուժերն այլևս չեն վերահսկում Շանգալը, և եթե եզդիները մինչև մայիս վերադառնան, ապա քրդական կուսակցությունները չեն կարողանա ձայն հավաքել: Այս պատճառով քրդական ուժերը նաև արգելում են իրենց տարածքում ապաստանած հարյուր հազարավոր եզդիներին տեղափոխվել Շանգալ, որպեսզի կարողանան նրանց ձայները ևս վերցնել: Կարճ ասած, եզդիներն այս պահին առաջիկա ընտրությունների գերին են, և կարծում եմ՝ իրավիճակը կփոխվի միայն առաջիկա ընտրություններից հետո:

-Այս ընտրություններին եզդիական ուժեր մասնակցո՞ւմ են:

-Չորս եզդիական կուսակցություն է մասնակցում, բայց համայնքն այնքան պառակտված է, որ դժվար թե նրանք կարողանան լուրջ քվեներ ստանալ: Նախ խնդիրն այն է, որ եզդի ընտրողների մեծ մասը գտնվում է Քրդստանի տարածքում, որտեղ եզդիական ուժերը չունեն լծակներ, և երկրորդ՝ քրդական ուժերի ցուցակներում ևս կան բազմաթիվ եզդի թեկնածուներ:

Իրավիճակը մխիթարող չէ, ու առաջիկայում դրական զարգացումներ չեն սպասվում:

Սինջար մամուլի կենտրոն

Դիտվել է՝