Ս. Սարգսյանի համար կարվող կոստյումի վերջին «շտրիխները»

eng150583714813

Երկրի կառավարման համակարգի փոփոխությունից առաջ ՀՀ-ում կառավարության կառուցվածքի ձեւավորման վերաբերյալ առնվազն երկու հետաքրքիր փոփոխություն է մտցվում, ինչն ամրագրված չէ ՀՀ Սահմանադրությամբ, սակայն փորձում են ամրագրել օրենքի նախագծերով: Հետաքրքիր զուգադիպությամբ դրանք բխում են ՀՀԿ-ականների՝ Ս. Սարգսյանին վարչապետ կարգելու առաջարկությունների շահերից: Դրանք են.

1.Վարչապետի թեկնածուի առաջադրման եւ ընտրության կարգի փոփոխություններ

2.Նոր պաշտոնի (առաջին փոխվարչապետի պաշտոն) ստեղծում

ՀՀԿ-ն փորձում է կոսմետիկ օրենսդրական «շտկումներ» անել՝ իրադրությունը գործող իշխանությանն ավելի «հարմարեցնելու» համար, որոնք սակայն հակասության մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների հետ:

Արհեստականորեն փոխվել է վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 2-ից ընտրությունը տեղափոխելով ապրիլի 17-ին:

Այսպիսով, քաղաքական ուժին տեսականորեն հնարավորություն է տրվում նաեւ վարչապետի թեկնածուի անունը հրապարակել ընտրություններից մի քանի ժամ առաջ՝ ասենք ապրիլի 16-ի օրվա ավարտին:

2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ երկրի թիվ մեկ պաշտոնի՝ վարչապետի թեկնածության համար առաջադրումը սկսվում է Ս. Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտից անմիջապես հետո: Ս. Սարգսյանի ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին է: Ըստ սահմանադրական կարգի, այդ օրը հրաժարական է տալիս նաեւ գործող կառավարությունը, եւ սկսվում է վարչապետի թեկնածուների առաջադրման փուլը՝ 7-օրյա ժամկետում, մինչեւ ապրիլի 16-ը:

Դարձյալ գործող կարգի համաձայն՝ առաջադրումների ավարտից հետո կառավարության ղեկավարի ընտրությունը պետք է կայանա ԱԺ քառօրյայում: Իսկ ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է մայիսի 2-ին:

Այսինքն, եթե առաջնորդվենք Սահմանադրությամբ, ապա ապրիլի 9-ին կավարտվի Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, հրաժարական կներկայացնի նաեւ ՀՀ կառավարությունը: Եվ եթե նույնիսկ ՀՀԿ-ն որոշի վարչապետի թեկնածու առաջադրել Ս. Սարգսյանին, ապա առնվազն մինչեւ մայիսի 2-ը Ս. Սարգսյանը փաստացի իշխանություն չի ունենա՝ չհաշված ՀՀԿ նախագահի պաշտոնը:

Սակայն ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխությունները հնարավորություն են տալիս վարչապետի ընտրության օրը առաջ բերել: Վարչապետի ընտրությունը կկայանա ոչ թե մայիսի 2-ին, այլ ապրիլի 17-ին: ԱԺ-ն կանոնակարգ օրենքում որոշել է, որ վարչապետ պետք է ընտրել հատուկ նիստով եւ այն նշանակել ապրիլի 17-ին: Ինչ մնում է թեկնածուների առաջադրման ժամկետին, ապա այն ապրիլի 9-ից 16-ն է: Տեսականորեն չի բացառվում նաեւ, որ ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուի անունը հրապարակի ապրիլի 16-ի ուշ երեկոյան, իսկ մի քանի ժամ հետո կազմակերպի ընտրություն խորհրդարանում:

Սրանով ի՞նչ հարց է լուծում ՀՀԿ-ն.

Ա. Քանի որ չի բացառվում նաեւ, որ ՀՀԿ-ն որպես վարչապետ կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա այս փոփոխությամբ որքան հնարավոր է կրճատում են Ս. Սարգսյանին «առանց պաշտոն» թողնելու ժամանակահատվածը:

Բ. Այնուհանդերձ, անկախ վերոնշյալ փոփոխություններից՝ հասարակական ընդվզումը բացառել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն հնարավորություն ունի գաղտնի պահել իր թեկնածուի անունը եւ ընտրությունից մի քանի ժամ առաջ հրապարակել այն: Եվ եթե հասունանա ժողովրդական ընդվզում, արդեն ընտրված վարչապետն ունի բավարար լիազորություններ ոստիկանական ուժերով եւ բանակի օգնությամբ կասեցնել հանրության ընդվզումը:

Ստեղծվում է նոր պաշտոն

Հաջորդ կարեւոր «շտրիխը» նոր պաշտոնի ստեղծումն է. խոսքն առաջին փոխվարչապետի պաշտոնի մասին է:

Ըստ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից:

ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծում ասվում է.

«Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից»:

Այսպիսով, օրենքի հեղինակները փորձել են նոր պաշտոն «հորինել», ինչը հասկանալի է, որ պատահական չի լինում:

Եթե մայր օրենքը սահմանում է փոխվարչապետի պաշտոններ, իհարկե, կարելի էր այդ ձեւակերպումը նույնը թողնել, սակայն հասկանալի է, որ եթե փոխվարչապետերի մեջ կա մեկը, որին միտում կա առանձնացնելու, նրան պետք է մի փոքր ընդգծված պաշտոն տալ:

Այդ մեկը կարո՞ղ է լինել Կարեն Կարապետյանը: Անշուշտ, կարող է, հատկապես եթե ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար որպես անփոխարինելի դեմք առաջադրում է Ս. Սարգսյանին:

Տրամաբանական է, որ Կարեն Կարապետյանին «ցտեսություն» ասելը մի փոքր անտրամաբանական կլիներ, հատկապես, երբ Ս. Սարգսյանին եւս ձեռնտու է կարապետյանական «տնտեսական աճը» որպես իրականություն մատուցելը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝