Է. Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

g_image

Մարտի 6-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ հավատարմագրման նամակների պատճենների հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրագործմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շոմբի Շարփը նշեց, որ ջանք չի խնայի տարբեր բնագավառներում Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ նախագծերի արգասաբեր իրականացման շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց Կայուն զարգացման նպատակներին և այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանում ակտիվորեն ընթանում է դրանց իրականացման գործընթացը:

Զրուցակիցներն արծարծեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը Շոմբի Շարփին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
 

Դիտվել է՝