Շիրակի մարզի ստոմատոլոգները բողոքի ակցիա կանցկացնեն

04.03.18

Սույն թվականի մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Շիրակի մարզի 70-ից ավելի ստոմատոլոգների արտահերթ հավաք: Հավաքի հիմնական նպատակն այն անորոշությունների քննարկումն էր, որոնք առաջացել էին կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն  որոշմամբ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից առանձնացվեցին որոշման այն հիմնական բացթողումները, որոնք էապես չեն բխում ոլորտում առողջապահության կազմակերպման շահից:

•Վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը,

•Համակարգում տվյալների ներկայացման մեջ պահանջվում է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկեկատվություն, քանի որ ստոմոտոլոգիական ծառայությունը առևտրային գործունեություն է, այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել անբարեխիղճ մրցակցային նպատակներով, ուստի կարծում ենք, որ այստեղ ևս կառավարության որոշումը հակասում է առևտրային գաղտնիքի չհրապարակումը կարգավորող օրենսդրությանը:

•Ազգային անվտանգության տեսանկյունից չկա երաշխիք բազայի պաշտպանվածության վերաբերյալ, չի նշվում տվյալ տեղեկատվության անվտանգության իրավական երաշխիքները:

•Ստոմատոլոգներին պարտադրվում է անհիմն հավելյալ ժամանակ ծախսել համակարգի սպասարկման վրա, ավելին անորոշ է համակարգ ներմուծվող տեղեկատվության կարգն ու պայմանները և դրա իրավաչափությունը: Կարելի է ենթադրել, որ այսուհետ բժիշկները բավական ժամանակ են տրամադրելու տվյալների մշակման կամ դրա վերահսկողության վրա, որն էլ իր հերթին ազդելու է առողջապահության որակի վրա:

•Ստոմատոլոգներին նաև պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլ), որն անխոս անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով:

•Համակարգով աշխատելու դեպքում բուժսպասարկման համար անպայման է դառնում անձնագրի և սոցքարտի միաժամանակյա կամ նույնականացման քարտի առկայությունը, իսկ մենք գիտենք, որ ավագ տարիքի և սոցիալական քարտից կամովին հրաժարված այլ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներից ոչ բոլորն ունեն սոցիալական կամ նույնականացման քարտ:

•Համակարգի հետ կապի բացակայության (օր. ինտերնետային կապի խափանում) դեպքում բուժ. օգնության կազմակերպումը դառնում է անհնար:

•Ստոմատոլոգիական բուժ. ծառայությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի չեն առնված, օրինակ՝ աշխատաժամանակի ոչ նորմավորված լինելու հանգամանքը:

•Համակարգում առկա են բազում այլ իմաստային և ծրագրային թերություններ և բացթողումներ:

Առաջանորդվելով վերոնշյալով հավաքի մասնակիցները միաձայն որոշեցին,

1.Հրաժարվել համակարգին միանալուց,

2.Հիմնավորումներով դիմել ՀՀ կառավարությանը չեղարկելու08.2017թ. որոշումը, և հետագայում մինչև որոշման նոր նախագծի ընդունումը ստոմատոլոգների լայն շրջանակի հետ քննարկելու:

3.03.2018թ-ին, ժամը 12:00-ին, բողոքի ակցիա անցկացնել Շիրակի մարզպետարանում՝ Շիրակի մարզպետին ներկայացնել ժողովում արծարծված խնդիրները և ՀՀ կառավարությանն ուղարկվելիք նամակը:

Դիտվել է՝