«Պահանջել եմ Քննչական կոմիտեից Տ. Մարգարյանին ընդգրկել որպես մեղադրյալ երկու քրեական գործերում». Փոստանջյան

16316_Avaganu-mijadep_M

«Երկիր Ծիրանին» դիմել է միջազգային կառույցներին, ԵՄ դեսպանատուն և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, որպեսզի վերջիններս իրենց գնահատականը հնչեցնեն Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամների կողմից ծեծի ենթարկվելու փաստի կապակցությամբ:

Ինչպես հայտնի է, միջազգային կազմակերպությունները, ԵՄ դեսպանատունը մինչև հիմա այդ մասին դիրքորոշում չեն արտահայտել.

«Դիմել ենք հատկապես այն դեսպաններին, որոնք հայտնի են որպես ժողովրդավարական երկրների դեսպաններ: Հուսով ենք, որ կարտահայտեն իրենց դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ: Մենք դիմել ենք նաև, որպեսզի իրենց ուշադրությունը հրավիրենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը հայտնեց, որ դիմել է նաև Քննչական կոմիտե՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներգրավել որպես մեղադրյալ երկու քրեական գործերում:

Դրանցից մեկը «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելու, իսկ մյուսը լրագրողների աշխատանքը Երևանի քաղաքապետարանում խոչընդոտելու գործերն են:

Փոստանջյանի համոզմամբ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում հանրապետականները ծեծի են ենթարկել իրենց կուսակցին Տարոն Մարգարյանի հրահանգով, և այդ մասին փաստող բազմաթիվ տեսաձայնագրություններ են առկա:

Հիշեցնենք, այս միջադեպի հետքերով հարուցվել է քրեական գործ: Սակայն մինչև հիմա «Երկիր Ծիրանիի» անդամն այդ գործով ներգրավված չէ որպես տուժող, Մարինա Խաչատրյանին նույնիսկ բացատրության չեն կանչել:

Իսկ ծեծկռտուքի հաջորդ օրն արգելվել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի մեքենայի մուտքը քաղաքապետարանի բակում գտնվող ավտոկայանատեղի։ Մի քանի օր անց Երևանի քաղաքապետարանում խոչընդոտել են «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը: Փոստանջյանն ասաց, որ այդ մասով էլ ինքը Քննչական կոմիտեին տեղեկացրել է, որ լրագրողների աշխատանքը խաթարվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով.

«Ես ասել եմ, որ ես անձամբ հրավիրել էի լրագրողներին՝ բարձրաձայնելու Երևան քաղաքում տեղի ունեցող չարաշահումները: Դրանք պետք է բարձրաձայնեի, սակայն լրատվամիջոցների աշխատանքն արգելվեց Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի հրահանգով: Նա այս գործում էլ պետք է ներգրավված լինի որպես մեղադրյալ»,- ասաց Փոստանջյանը:

Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝