Սերժ Սարգսյան «ազգային հերոսը»

28768

Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան վերջին հանդիպումն ինձ հիշեցրեց մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի հայտնի «Սուտասանը» հեքիաթը:

«Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան». հայտնի հեքիաթում այսպես էր ասում թագավորը: Ա. Սարգսյանն էլ հավանաբար որոշել էր հաղթել «ստի փառատոնում» և տիրանալ Ս. Սարգսյանի թագավորության կեսին: Այլապես այլ կերպ բացատրել նրա հրապարակային ստերը՝ Ս. Սարգսյանի՝ «ազգային հերոս» լինելու և կառուցողական աշխատանքի մասին, և դա հիմնավորել Հայաստանի քաղաքացու խոսքով՝ պատկերացնելը գրեթե անհնարին է:

Ազգային հերոսը

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք»,- Ս. Սարգսյանին ասում էր Արմեն Սարգսյանը և իր ասելիքը հիմնավորում ժողովրդի խոսքով.

«Վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների՝ նրանցից շատերից լսել եմ այս խոսքերը»:

Արմեն Սարգսյանը կարիք ունի հիմնավորելու, թե հատկապես հանրապետության որ քաղաքում, որ բնակավայրում է նա լսել Ս. Սարգսյանի հասցեին գովեստի այս խոսքերը, այլապես իր այս հայտարարություններն ընկալվում են որպես «պարզ շողոքորթություն»:

Վստահաբար կարող ենք ասել, որ նույնիսկ Ս. Սարգսյանը չի հավատում այն ամենին, ինչ  ասում էր Արմեն Սարգսյանը: Ս. Սարգսյանին հայտնի է իշխանության վարկաբեկված լինելու փաստը: Հենց այդ իմացությամբ է բացատրվում այն, որ վերջին շրջանում քաղաքական առաջնորդներ ընտրելիս Ս. Սարգսյանը նախապատվությունը տալիս է այնպիսիններին, ովքեր հանրային գիտակցության մեջ առնչություն չեն ունեցել գործող իշխանության հետ:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ստել

Մոտ ամիս ու կես ՀՀ տարբեր բնակավայրերում շրջելուց հետո Արմեն Սարգսյանը մինչև Ս. Սարգսյանի հետ հանդիպելը գնահատեց օբյեկտիվ պատկերը ԱԺ ամբիոնից: Խորհրդարանական ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում վիճակը վատ է: Արտագաղթի, կոռուպցիայի պատճառով Հայաստանն այս տարիների ընթացքում սեղմվում է դեպի Երևան, գյուղերը կարոտ են մարդկանց ու հարկային քաղաքականության:

Այս ելույթից հետո գնալ նախագահական եւ Սերժ Սարգսյանին ազգային հերոս հռչակելն ու շնորհակալություն հայտնելը կառուցողական քաղաքականության համար՝ մի տեսակ տարօրինակ է թվում:

Արմեն Սարգսյանին իսկապե՞ս մեծ հրճվանք է պատճառում Ս. Սարգսյանի թեկնածուն լինելու փաստը, թե՞ նա ստիպված եղավ փոխհատուցել ԱԺ-ում «թունդ ընդդիմադիր» ելույթի համար:

«Նա ինքնակամ ընտրեց շուտափույթ վարկաբեկման ճանապարհը»

Երբ Գյումրիում Արմեն Սարգսյանին հարցրեցի, թե իշխանությունների հետ համագործակցելով՝ արդյոք մտավախություն չունի, որ կվարկաբեկվի, նա հակադարձեց. «Եթե մարդ անկեղծորեն փորձում է ու չի ստացվում, բայց անկեղծորեն է փորձում ու վարկաբեկվում, ուրեմն չփորձի՞»:

Արմեն Սարգսյանը որոշեց, այնուամենայնիվ, փորձել, թեկուզ եթե դա կլինի վարկաբեկման ճանապարհով, և սկզբի համար կարելի է ասել, որ այդ «փորձը» բավականին «խոստումնալից» է:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝