Ֆրանսիայի Բուկ Բել Էրի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Արցախ

81845

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այսօր՝ մարտի 2-ին, ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Ն. Աղաբալյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է Բուկ Բել Էրի քաղաքապետարանի պատվիրակության այցն Արցախ:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք հստակեցնելու համար առաջիկա օրերին համատեղ աշխատանքներ կտարվեն: Ն. Աղաբալյանն իր խոսքում ասել է, որ լավ է, որ արդեն գործնական քայլեր են արվում:

«Մենք կարող ենք շատ լավ համագործակցել մասնագիտացված դպրոցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի հիմնական դպրոցներն ավարտած մեր աշակերտները կարողանան նախնական մասնագիտական կրթություն ստանալ. այդպիսի օրինակ արդեն ունենք. այն Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան հիմնադրամն է: Կարող ենք ունենալ նաև համապատասխան հաստատություններ գյուղատնտեսության, սպասրկման, տեղեկատվական տեխնոլոգիաների և մեր հանրապետության համար առաջնային ոլորտներում: Ֆրանսերենի ուսուցման առումով համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի ֆրանսերենի ուսուցման շարունակականությունն ապահովենք և նաև պատրաստենք մասնագետներ, ովքեր կկարողանան և´ ֆրանսերեն ուսուցանել և´ համագործակցության ծրագրեր իրականացնել: Համագործակցության շրջանակներում նաև կկատարենք փորձի փոխանակում: Կարծում եմ՝ երկուստեք տրամադրված ենք գործնական և ունենալու ենք հաջողություն»,-մասնավորապես ասել է նախարարը:

Լեզուների իմացությունը կարևորելով՝ Ն. Աղաբալյանը նաև նշել է, որ եթե ներկայումս Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի միջոցով հաջողվում է նեղ մասնագետների սովորեցնել ֆրանսերեն, ովքեր էլ հետագայում վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում, ապա այդ փորձը կարելի է ընդլայնել:

Ֆրանսիայի Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեի խոսքով էլ իրենց համագործակցությունն սկսվել է 2014 թվականին, երբ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար եղած ժամանակ Նարինե Աղաբալյանը Բուկ Բել Էրի քաղաքապետարանում ԱՀ Ասկերանի և իրենց քաղաքի միջև ստորագրել է բարեկամության հռչակագիր:

«Այժմ մենք ավելի կոնկրետ քայլեր ենք իրականացնում: Այս այցի շրջանակներում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցին նվիրաբերել ենք գերժամանակակից ինտերակտիվ գրատախտակ, որը թույլ է տալիս անմիջապես մուտք գործել համացանց»,-նշել է Բուկ Բել Էրի քաղաքապետը և ավելացրել, որ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն իրենք կաշխատեն գյուղատնտեսության, գինեգործության, խաղողագործության և կադրերի վերապատրաստման ուղղությամբ:

Ռիշար Մալիեն տեղեկացրել է նաև, որ իրենց պատվիրակության անդամները չորսօրյա այցի ընթացքում կայցելեն Արցախում հաջողության հասած գինու գործարաններ, ինչպես նաև կհանդիպեն գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ և կկիսվեն փորձով:

Նա  տեղեկացրել    է, որ իրենք հանդիպումներ են նախատեսում նաև Արցախի Հանրապետության պետական այրերի հետ:

Հանդիպմանը ներկա Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ համագործակցության հռչակագիրը նպատակ ունի ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի, այգեգործության և այլ բնագավառներում:

artsakhpress.am

Դիտվել է՝