Սերժ Սարգսյանի մարտիմեկյան հոխորտանքները՝ ապրիլյան զարգացումների ֆոնին

serj sargsyan

Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունից մեկ օր առաջ՝ մարտի մեկին, Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց ու անցկացրեց, ճիշտ այն օրը, երբ հայ ազգը հիշում ու սգում էր 10 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության դրվագները, երբ ՀՀ 10 անզեն քաղաքացիներ գնդակահարվեցին մայրաքաղաքի սրտում:

Այրամբ իշխանության եկած Սերժ Սարգսյանը, սակայն, գոնե ձևական կողմը պահելու համար որևէ խոսք չհիշատակեց արյունալի դեպքերի և դրանց 10-ամյա տարելիցի հետ կապված:

Բաղրամյան 26-ում նրանց հավաքվելու առիթն այս անգամ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելն էր: 10 տարի առաջվա արյունալի իրադարձություններից որևէ հետևություն չարած ՀՀԿ առաջնորդը հերթական անգամ էլ գերադասեց առաջնահերթություն տալ իր ներքաղաքական նեղ շահերին: Պատահական չէ, որ ապրիլյան զարգացումներին ընդառաջ նա օրակարգ բերեց դեռ 2009-ի հոկտեմբերին ստորագրված արձանագրությունների չեղարկման հարցը:

Արտաքին քաղաքական հարցերի շահարկումը՝ ապրիլյան վերադասավորումների ֆոնին

Հաշվի առնելով Սարգսյանի առաջիկա մտադրություններն ու վարչապետի պաշտոնի հետ կապված իր նպատակները՝ դժվար չէ ենթադրել, որ ազգայնական հարցեր առաջ քաշելով ու Թուրքիայի վրա հոխորտալով, թե այդ երկիրը գրեթե 10 տարի շարունակ ոչինչ չի արել ու մատը մատին չի տվել ՀՀ հետ հարաբերություններ կարգավորելու համար, Սարգսյանն ուղղակի փորձում է հանրության մոտ իր և իր իշխանության նկատմամբ առկա բացասական տրամադրությունն ինչ-որ չափով մեղմել: Այդպես եղավ նաև Մյունխենում, երբ Սարգսյանն արցախյան հակամարտության հետ կապված կոշտ գնահատականներով հանդես եկավ, առաջիկայում էլ հավանաբար կլինեն Ադրբեջանին ուղղված ու հասարակությանը հաճո ելույթներ, որոնք էլ հանրապետական գործիչներին թույլ կտան արդարացնել երկրի «անվտանգության միակ երաշխավորին» վարչապետի պաշտոնում տեսնելու իրենց ցանկությունները:

Պարզ է, որ հատկապես այս շրջանում ներքին ընդվզումները պետք չեն իշխանությանը՝ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնին անցումը հնարավորինս անցնցում կազմակերպելու համար: Ու որպեսզի մարտի 1-ին հասարակության շրջանում առկա հուզումները վերաճելու միտում չունենան, հասարակության ուշադրությունն ինչ-որ չափով շեղելու համար էլ մարտի 1-ի օրով օրակարգ բերեց արձանագրությունները չեղարկելու հարցը՝ կարգադրելով Էդվարդ Նալբանդյանին, որ այդ մասին տեղյակ պահի պաշտոնական Անկարային:

Սարգսյանին շուրջ  10 տարի՞  էր պետք՝ հասկանալու, որ Թուրքիան իր նախապայմաններն է փորձում թելադրել

Վերադառնալով Ցյուրիխում 2009 թվականին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցին՝ հարկ է նշել, որ փաստացի Սերժ Սարգսյանին 9 տարի էր հարկավոր՝ հասկանալու և արձանագրելու, որ թուրքական կողմն առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնալ: Այն դեպքում, երբ դեռ 2009-ին դրանց նախաստորագրումից առաջ էր Թուրքիան նախապայմաններ առաջ քաշել, որոնցից մեկը վերաբերում էր արցախյան հիմնահարցը հօգուտ Ադրբեջանի լուծելուն: Այսինքն, դեռ ի սկզբանե ակնհայտ էր թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, դժվար է ասել, թե, օրինակ, որտեղից էր գալիս Սարգսյանի այն լավատեսությունը, որ Թուրքիան կարող է հենց այնպես ՀՀ հետ հարաբերություններ հաստատել, ինչն էլ 2009-ին ստիպեց ՀՀԿ առաջնորդին հանդես գալ նման նախաձեռնությամբ:

Սարգսյանն, իհարկե, այս տարիների ընթացքում առիթներ ունեցել է բարձր ամբիոններից պաշտոնական Անկարային ասելու, որ հայկական կողմը պատրաստ է գրողի ծոցն ուղարկել այդ արձանագրությունները, սակայն դա արեց նախագահի պաշտոնում իր լիազորությունների ավարտին ընդառաջ, ինչը հանրության կողմից դարձյալ դիտարկվեց միանձնյա որոշման արդյունք:

 Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝