Արմեն Սարգսյանի սահմանադրական լիազորությունները

maxresdefault (1)

Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ կողմից ընտրվեց որպես ՀՀ չորրորդ նախագահ: Գործող Սահմանադրությամբ նրա լիազորություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, երբ իր նախորդի լիազորություններն ավարտվեն, և սկսի գործել արդեն 2015թ.-ին ընդունված Սահմանադրությունը: Այդ ժամանակ Արմեն Սարգսյանը պետք է մասնակցի նաև երդմնակալությանը, որը դարձյալ տեղի կունենա ԱԺ-ում, և որից հետո կստանձնի իր պաշտոնը:

Իսկ այժմ ներկայացնենք, թե նոր Սահմանադրությամբ ինչ իրավունքներ և լիազորություններ ունի ՀՀ չորրորդ նախագահը:

Ի տարբերություն 2005թ.-ին ընդունված Սահմանադրության՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումն ու ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորումը նախագահի լիազորությունների մեջ շարադրված չեն, թեև նախորդի պես շարադրված է, որ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»:

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: ԱԺ-ն էլ ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել այդ նախագահին:

Ըստ գործող Սահմանադրության.

1.Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

2.Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հանրապետության նախագահը Կառավարության կազմում փոփոխություններ կարող է անել միայն վարչապետի առաջարկությամբ: Եվ միայն վարչապետի առաջարկությամբ կարող է նշանակել և ազատել զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմ:

Արտաքին քաղաքականության ոլորտ

Չնայած այն բանին, որ ՀՀԿ-ականները փորձում էին համոզել հանրությանը, որ ՀՀ նախագահի պաշտոնը սպասարկող պաշտոն չէ, և որ ՀՀ նախագահին է վերապահված արտաքին քաղաքական կուրսի կառավարումը, այնուամենայնիվ, նախագահի լիազորությունները կրճատվել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում: ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, Կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը: Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Հոդված 135. Ներում շնորհելը

Այս հոդվածով բացառիկ իրավունք էր վերապահվում ՀՀ նախագահին ներում շնորհելու դատապարտյալներին առանց վարչապետի առաջարկության:

Սակայն «Ներման մասին» նոր օրենքի նախագծի օրենսդրական կարգավորումներով ՀՀ նախագահից «խլվեց» նաև այս իրավունքը: Ըստ ներման մասին օրենքի՝ վարչապետի առաջարկությամբ է նախագահը որոշելու՝ դատապարտյալին ներում շնորհել, թե ոչ:

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարը՝ a1plus.am-ի

Դիտվել է՝