«Բանակի մասին միայն լավը, ուրիշ ոչինչ». իրավապաշտպանի պնդմամբ՝ բանակում կայուն տեղ ունի կոռուպցիան

qqqqqq

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N հրամանատարի տեղակալն ու պաշտոնատար այլ անձինք շահադիտական նպատակով չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում՝ հափշտակել են շուրջ 40.000.000 դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Հրամանատարի տեղակալն այժմ ձերբակալված է:

Բանակում յուրացումների, հափշտակությունների մասին շատ խոսվեց նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ պարզ դարձավ, որ անորակ վառելանյութի պատճառով տեխնիկան կռվի թեժ պահերին չի աշխատել:

Չնայած հասարակության մեծ արձագանքին, քննադատություններին, բարձրաձայնումներին, այս առումով, սակայն, «բացահայտումներ» չեղան: Այդպես էլ չպարզվեց, թե ովքեր էին բանակի վառելիքը յուրացնողները:

Սակայն հիմա հանկարծ պարզ դարձավ, որ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս մի քանի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 40.000.000 դրամի չարաշահումներ են թույլ տվել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ այս բացահայտումներով փորձում են ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ինչ-որ աշխատանքներ են կատարվում, սակայն մեր զրուցակցի պնդմամբ բոլորի համար էլ պարզ է, որ սրանք ընդամենը ձևական բացահայտումներ են. «Իրենք են այդ արատավոր երևույթների հիմնադիրներն ու գործող անձինք, երբ որ մի բան ենք բացահայտում ու հայտարարում, մեկ էլ հիշում են թշնամուն՝ թշնամին չտեսնի ուրախանա: Ոչ թե պետք է ձևական պայքարենք վիճակը բանակում փոխելու համար, այլ ամբողջ սրտով ու էությամբ: Բանակում կայուն տեղ ունի կոռուպցիան, ու որևէ մեկը բանակ սիրողներից չի պատրաստվում փոխել, փրկել, իրավիճակ փոխել բանակում»,- կարծում է իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյան

Ըստ նրա, մեղմ ասած, բարոյական չէ, երբ բանակի միջոցները մսխվում, յուրացվում են, ու դա չի խանգարում, որ ամեն անգամ դիմեն հասարակությանն ու սփյուռքին՝ ֆինանսական ակնկալիքով, իրենց հայրենասիրական ճառերով, թե իրենց համար որքան կարևոր է ժողովրդի ներդրումն առաջնագծում կանգնած զինվորի համար և այլն:

«Այդ կեղծ հայրենասիրական ճառերը, էն որ տուֆ է անհրաժեշտ բանակին, պետք է փող հավաքել, ու սրանով են հենց հայրենասեր խաղում, ու ընդհանրապես պաշտպանության համակարգի վերևում երեւացող պաշտոնյաները բոլորը խաղում են հայրենասիրությունը, իրականում դա չկա: Իսկ ի՞նչ են անում գումարը… բանակի մասին միայն լավը ու ոչինչ, դա է իրենց ասածը, հետո տեսնում ենք այսպիսի չարաշահումներ, ավելին չենք իմանում, քանի որ բանակը թափանցիկ կառույց չէ, և պետք է շեշտեմ, որ Ս. Օհանյանը, ճիշտ է, բացել էր բանակը քաղաքացիական հասարակության համար, ինչը չրխկացնելով փակում է Վիգեն Սարգսյանը»,- նշում է Ժ. Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի պնդմամբ՝ բանակը ներկայումս դարձել է փակ կառույց հասարակության ու հատկապես քաղհասարակության այն ակտիվ ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ռազմական ոլորտի խնդիրներով: Ըստ նրա՝ քանի դեռ համակարգը ներսից չի մաքրվել, և իրական մեղավորները պատասխանատվություն չեն կրել, ժողովրդի աջակցությունը զինվորին չի հասնելու: Հերթական բացահայտումների արդյունքում, վստահ է, կգտնվեն քավության նոխազներ, որոնց վրա կբարդվի ամբողջ մեղքը, և ապա հասարակությանը կներկայացվի, թե որքան լավ են պայքարում կոռուպցիայի դեմ, սակայն համոզված է՝ դա իրականում ոչինչ չի փոխելու:

«Տեսնում ենք՝ 7 միլիոն ծաղիկների վրա են ծախսում, կամ էն, ինչ որսացել ենք մի պահ, հասկանում ենք, որ իրենք ընդհանրապես թքած ունեն, ինչ զինվորի մասին մտածել, տեսնում ենք՝ գումարները, որ ամեն առիթով մուրում են այս աղքատ հասարակությունից, աղքատ, բայց արժանապատիվ հասարակությունից, որն իր վերջին կոպեկն էլ չի խնայում բանակի համար: Լավ, ինչքա՞ն կարող ես փող ուզել մարդկանցից, որոնց համար ամեն մի 1000 դրամն էլ կարևոր է, ինչքա՞ն կարելի է, ո՞ւր են բա միջոցները: Ես չեմ ասում՝ Օհանյանի ժամանակ իդեալական էր, եթե քիչ թե շատ թափանցիկ է դառնում, հասկանալի է, որ արատավոր որակներն ավելի պետք է նվազեն ու ավելի հասարակությանն ընկալելի դառնան ինչ-որ բաներ: Հիմա բացարձակապես ազգ-բանակ, տեսնում ենք՝ ինչքան զինվոր է սպանվում ներսում, ավելի շատ, քան սահմանում, նկատի ունեմ ներքին կոնֆլիկտները: Ազգ-բանակի հայրենասեր ղեկավարները բա թող վերջ դնեն այս ամենին, բայց բացարձակ չեն կարևորում ու չեն մտահոգվում, քանի որ իրենց երեխաները չեն ծառայում: Ամեն մի զոհի համար պետք է տառապեն ու իրենց չներեն, քանի որ իրենք են պատասխանատուները, բայց մենք դա չենք տեսնում, դա չկա, չունենք կատարյալ բանակ»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Հերմինե Մկրտչյան

 

Դիտվել է՝