Տավուշում որսագողությունն ավարտվել է ողբերգությամբ. 22-ամյա տղայի կրակոցով սպանվել է 55-ամյա քաղաքացին

37fc9bb1edd4d4fad2be37c9a5c99798

Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա անտառամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են անտառամաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը: Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատարյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Իսկ Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն: Այս պահին Ս. Մատինյանը գտնվում է Ոստիկանության Իջևանի բաժնում մինչև մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով քննիչ Սուրեն Գասպարյանը կորոշի նրա խափանման միջոցի հարցը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Դիտվել է՝