Գյումրու ավագանու այս տարվա առաջին նիստը կայացավ. ԳԱԼԱ-ն դիմում կհղի ՀՀ կառավարություն

Снимок

Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի մեկնարկը տրվեց: Օրակարգը բաղկացած էր 23 հարցից, սակայն մինչ դրանց անցնելն ու նիստի օրակարգը հաստատելը ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ իրազեկելով ավագանու անդամներին, որ ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է հղելու ՀՀ կառավարությանը համայնքապատկան նախակրթարաններն անվճար դարձնելու համար, ապա նշեց. «Մենք պատրաստվում ենք կառավարությանը հղել անհատական դիմում: Քանի որ այստեղ են ավագանու մեր բոլոր գործընկերները, ես կխնդրեի, որ ավագանու նիստից հետո բոլոր մեր գործընկերները, ովքեր կցանկանան, որ իրենց ստորագրությունն, իրենց անունը տեղ գտնի այդ դիմումի տակ, մոտենան մեր խմբակցության աշխատասենյակ»:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԳԱԼԱ-ն առաջարկով էր հանդես եկել՝ ուղերձ հղել ՀՀ կառավարությանը և 550 մլն դրամ սուբվենցիա խնդրել Գյումրու համայնքապատկան մանկապարտեզները Երևանի համայնքապատկան մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու համար: Սակայն ավագանու մեծամասնությունը ձեռնպահ քվեարկությամբ, ըստ էության, տապալեց գործընթացը:

Ուստի ԳԱԼԱ խմբակցությունը որոշել է Գյումրու նախակրթարաններն անվճար դարձնելու համար ՀՀ կառավարությանը դիմում հղել ավագանու անդամների անունից: «Հիմա դիմում ենք Գյումրու ավագանու մի քանի անդամների անունից, ուղերձի տակ ստորագրել են ԳԱԼԱ խմբակցության չորս անդամները, և մեր ուղերձին միացել են ՀՎԿ-ից երեք անդամներ»,- նշեց ԳԱԼԱ խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը:

Ավագանու նիստի օրակարգին վերադառնալով՝ նշենք, որ հարցերից մեկով առաջարկվում էր փոփոխություններ կատարել ավագանու նախորդ տարվա որոշումներից մեկում և Գյումրու 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 15 միլիոն հարյուր մեկ հազար դրամ նպատակաուղղել ոլորտային ծախսերին:

Առաջիկայում մանկապարտեզ հաճախող ավելի շատ երեխաներ հնարավորություն կունենան օգտվել զեղչային արտոնությունից:

Համայնքային բյուջեից 7 միլիոն դրամ կհատկացվի, իսկ թե ովքեր կընդգրկվեն այդ ցանկում, առաջիկայում պարզ կդառնա: Քաղաքապետարանն ակնկալում է նաև ԳԱԼԱ խմբակցության ակտիվ մասնակցությունը:

Ավագանու որոշմամբ սոցիալապես անապահով 150 անձանց յուրաքանչյուրին 10 հազար դրամի դրամական օգնություն կհատկացվի:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նկատեց՝ ավագանու նիստի օրակարգ ընդգրկված մի քանի հարցեր չեն քննարկվել մշտական գործող հանձնաժողովներում, և հետաքրքրվեց, թե ինչ պատճառով է նման խախտում թույլ տրվում:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման համար համայնքի բյուջեից 3 միլիոն դրամ հատկացնելու հարցն, օրինակ, չէր քննարկվել համապատասխան հանձնաժողովի նիստում, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետն արդարացավ, թե դա իր թերացումն է եղել՝ մոռացել էր:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա մարտի 19-ին:

Դիտվել է՝