Անգամ բժիշկներն են վարակվում ժանտախտով

01-19

Արմեն Սարգսյանն այս օրերին ակտիվ քարոզարշավ է իրականացնում եւ միաժամանակ հայտարարում, որ դեռ մտածում է Սերժ Սարգսյանի առաջարկության մասին՝ առաջադրվել նախագահի թեկնածու, թե ոչ: Մինչդեռ տարօրինակ կերպով հանրության զգալի մասին արդեն հայտնի է, որ 2018թ.-ի նախագահն Արմեն Սարգսյանն է:

Արմեն Սարգսյանի ինչի՞ն է պետք նախագահի աթոռը խորհրդարանական Հայաստանում: Նախագահի ինստիտուտի «սպասարկող» նշանակությամբ նա իսկապե՞ս մտածում է, որ ի զորու է արհեստական շնչառությամբ փրկել համակարգը:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի համար հեղինակություն է, եւ նրա շուրթերից հնչող առաջարկությունը շատ գայթակղիչ է: Աճող ինքնագնահատականի հետ Արմեն Սարգսյանը կարող է ազնիվ մղումներ էլ ունենալ, ընդհուպ մինչեւ կարող է հավատալ, որ հենց ինքն է այն «բժիշկը», ով կարող է գալ, բժշկել եւ փրկել երկիրը «կործանարար ժանտախտից»:

Լավատեսության հետ մեկտեղ դիվանագետին հաստատ չէր խանգարի մինչեւ «կլինիկա» մտնելը նախ հաշվել, թե իրենից առաջ քանի բժիշկ է մտել նույն դռնով, քանիսին է արդյոք հաջողվել բժշկել, եւ քանիսն են հեռացել «վարակված»:

Արմեն Սարգսյան «բժիշկը» չի վախենում «վարակվելուց»

Արմեն Սարգսյանը մտավախություն չունի, որ իշխանությունների հետ համագործակցելով ինքն էլ կարող է վարկաբեկվել: Նա ասում է. «Եթե ձեզ լսեմ, ուրեմն եթե դժվար է, անհնարին է, եւ եթե մեկը փորձում է, բայց չի հաջողում, բայց անկեղծ սրտով փորձում է եւ չի հաջողվում, ուրեմն վարկաբեկվում է, (դուք եք ասում՝ վարկաբեկվում է), եւ ինչ ուրեմն, չփորձի՞»:

Կասկածի տակ չդնելով Արմեն Սարգսյանի «ազնիվ մղումները»՝ արձանագրենք, որ նրա՝ համակարգից «առողջ» դուրս գալու հավանականությունը գրեթե զրոյական է:

Որովհետեւ եթե դու համակարգի մեջ ես, դառնում ես համակարգի մի մասնիկը: Եվ ուզած թե չուզած խաղալու ես այն կանոններով, որոնք գործում են համակարգի ներսում, որովհետեւ համակարգը խժռում է այլախոհներին:

Իսկ երբ համակարգը հիվանդ է մահաբեր ժանտախտով, դու առնվազն վիրուսակիր ես դառնում:

Ի վերջո, Կարեն Կարապետյանի մղումները պակաս «ազնիվ» չէին: Բայց հիմա նա ստիպված է ձեւակերպումներ մշակել, որովհետեւ նա հանրությանը, «անկեղծ մղումներից» ելնելով, ներկայացավ նաեւ որպես «ուժեղ բարեփոխիչ», հասցրեց գրավել միջին տարիքի կանանց 70 տոկոսի սրտերը, ինչպես ՀՀԿ քարոզարշավի ժամանակ էին ասում:

Հիմա նա պետք է կամ կարողանա բարեխղճորեն խոստովանել, որ չուներ իմունիտետ եւ կամ պետք է շարունակի մոլորեցնել, որ համակարգը բուժել է համաճարակից, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ:

Բայց եթե այսքանից հետո էլ Արմեն Սարգսյանը կողմ է «կրկին փորձելուն», ուրեմն նա կամ անասելի լավատես է, կամ էլ ինքնակամ է ընտրում «վարակվելու» ճանապարհը:

Արմեն Սարգսյանն ուզում է փորձել

«Ի՞նչ ուրեմն, չփորձե՞մ»,- հարցնում է Արմեն Սարգսյանը: Այդ փորձը Սերժ Սարգսյանը միջազգային իր գործընկերներին կներկայացնի որպես հասարակությանն ընդառաջ գնալու հերթական քայլ, հանրային տրամադրությունները բավարարող որոշում: Ու սա այնքան ժամանակ, քանի իշխանական պլաններում տեղավորվում է Արմեն Սարգսյանի «բժշկումը»: Բայց, ի վերջո, նաեւ նրա խաղն է ավարտվելու: Չէ՞ որ նա ավելի կատարյալ չի խաղում, քան Կարեն Կարապետյանը:

Մի օր կավարտվեն նաեւ արմենսարգսյանական ժամանակները: Նա էլ կհեռանա, անշուշտ, իր հետ տանելով իր բաժին ժանտախտը:

Բայց, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը փորձել է ուզում եւ պետք է փորձի:

Մնում է հասկանալ, թե դեռ քանի հոգի կհասցնի էլի փորձել նրանից հետո: Որքա՞ն ժամանակ է մնացել փորձելու:

Անկախացումից ի վեր Հայաստանը լքել է շուրջ 1 միլիոն 400 հազար մարդ: Գրեթե նույնքան հայ կորցրել ենք 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետեւանքով (շուրջ 1.5 մլն):

Միջին հաշվով տարեկան երկրից հեռանում է 30 հազար քաղաքացի: Իսկ ՀՀ գրանցված քաղաքացիների թիվն ամեն տարի պակասում է շուրջ 15 հազարով:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972.9 հազար մարդ: Արտագաղթի եւ բնական աճի այս պայմաններում փորձելու համար դեռ շուրջ 9 տասնամյակ ժամանակ էլ կա: Այնպես որ, դեռ փորձել կարող են:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝