Քաղաքացու գինը

xorikyan

Շիրակի պետական համալսարանում վաղը դարձյալ շարունակվելու է դասադուլը, որին մասնակցում են պատմության բաժնի երեք կուրսեր:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանը, ով երկու օր հացադուլ էր հայտարարել և կոչով դիմել ՀՀ ԿԳ նախարարին՝ ակնկալելով վերջինիս ուշադրությունը հրավիրել Շիրակի համալսարանում տեղի ունեցող զարգացումներին:

Մանկավարժականում բողոքի ակցիաների մասնակիցները բարձրաձայնում են, թե ռեկտորը խախտում է բուհի կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների և ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: 

Չնայած ակցիաներին, բուհում գիտխորհրդի նիստերը գումարվել են, և ընտրությունները կայացել են: Այժմ արդեն ուսանողներն ու դասախոսները բողոքում են գիտխորհրդի ընտրությունների դեմ՝ հայտարարելով, որ դրանք լեգիտիմ չեն, և որ ամբիոնի վարիչներ և դեկաններ պետք է ընտրվեն բացառապես ֆակուլտետների խորհուրդներում, իսկ գիտխորհուրդը պետք է հաստատի:

Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն իր հերթին հայտարարում է , որ ինքը շարժվել է օրենքի տառին համապատասխան, և որ բողոքող դասախոսների թիկունքում այլ ուժեր կան, և վերջիններս նաև անձնական խնդիր են լուծում:

Չնայած այն բանին, որ արդեն 3 օր շարունակ խաթարվել է բուհի անդորրը, իսկ բողոքողներն ի սկզբանե հայտարարեցին, որ բողոքի ակցիաներով նպատակ ունեն իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, այնուամենայնիվ, լայն հանրությունը և հատկապես պաշտոնական շրջանակներն այս ամենին արձագանքում են համակ լռությամբ:

Ոչ միայն նախարար Մկրտչյանը, այլ նաև ԿԳ նախարարության ոչ մի մասնագետ չի արձագանքել, պաշտոնական հայտարարություն չի տարածել նախարարությունը, չի հորդորել նույնիսկ դասախոսին դադարեցնել հացադուլը:

Անգամ դասախոսի հայտարարությունը, որ ինքը նպատակ ունի բեկել նախարարի հայացքը ՇՊՀ, չի օգնում, որ նախարար Մկրտչյանը բեկվի և գոնե հորդորի դասախոսին թողնել բողոքի ծայրահեղ միջոցը:

Մարզի ամենամեծ բուհում՝ պետական համալսարանում, դասախոսի հացադուլը, ուսանողների դասադուլը ոչ մի հետաքրքրություն, անհանգստություն չառաջացրին նույնիսկ Շիրակի մարզպետի կամ Գյումրու քաղաքապետի մոտ, ովքեր եթե ոչ պաշտոնե, ապա գոնե առնվազն մարդկային բարոյականության սկզբունքներից ելնելով պետք է գնային հանդիպելու, խոսելու, հասկանալու խնդիրը, հորդորելու դադարեցնել հացադուլը:

Խորիկյանը եթե 10 գիշեր էլ որոշեր լուսացնել բուհի լսարանում՝ աթոռին նստած ու քաղցած, միևնույն է, պաշտոնական շրջանակները կգործեին նույն աչքակապությամբ:

Եվ խնդիրն այստեղ ոչ միայն ՇՊՀ դասախոս և ԿԳ նախարար հարաբերություններում է, այլ համակարգային է: Նեխած համակարգ, ուր արժեք չունի մարդը, ուր չեն հարգվում մարդու տարրական իրավունքները, նույնիսկ բողոքի ծայրահեղ դրսևորումները չեն հարգվում, մատնվում են անուշադրության, անտարբերության այնքան, մինչև մարդն ինքն է որոշում թողնել բողոքը: Եվ ո՞րն է ուրեմն ելքը, ընտրել ավելի՞ ծայրահեղ միջոց, թե՞ պարզապես արտագաղթել…

ՀԳ. Երեկ, երբ 80-ամյա թոշակառուն հանդիպեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել.

«Եթե չեք ուզում ապստամբություն, լուծեք մեր խնդիրները»:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝