Արմեն Սարգսյանը հրաժարվեց Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի ուղեկցությունից

444444444444441

Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից առաջարկություն էր ստացել առաջադրվել որպես նախագահի թեկնածու, այսօր այցելել էր Գյումրի:

Արմեն Սարգսյանից առաջ Ս. Աստվածածին եկեղեցու բակում Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն էին: Նրանք դիմավորեցին Ա. Սարգսյանին փողոցում մեքենայից իջնելիս: Այնուհետ քայլեցին մինչեւ եկեղեցու բակ, որից հետո Արմեն Սարգսյանը Սամվել Բալասանյանին եւ Արթուր Խաչատրյանին խնդրեց չուղեկցել իրեն, որովհետեւ եկեղեցում ուզում է մենակ լինել:

Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, եկեղեցի մտավ նկարահանող օպերատորների հետ, մոմավաճառից հատուկ ճշտեց՝ կա՞ հանգանակությունների արկղ, հանգանակություն ունի թողնելու եւ տեսախցիկների ուղեկցությամբ հանգանակություն արեց եկեղեցում, հետո իր մոմերը վառեց:

Արմեն Սարգսյանին ուղեկցող թիկնապահներ չկային, միայն մամլո խոսնակն էր եւ հեռվից մեկ ուղեկցող, սա հնարավորություն տվեց գյումրեցի թոշակառուներից մեկին՝ 80-ամյա Լեւիկ Նահապետյանին, մոտենալ Արմեն Սարգսյանին եւ խնդրել՝ որպես միջնորդ իր ուղերձը փոխանցի Սերժ Սարգսյանին:

Թոշակառուն ասաց, որ 30-40 հազար դրամով ապրել հնարավոր չէ, եւ եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն, թոշակառուները ստիպված կլինեն ապստամբել:

Արմեն Սարգսյանը լսեց եւ ասաց. «Լսեցի ձեզ, լսեցի»:

Եկեղեցուց երբ դուրս եկավ, Սամվել Բալասանյանն ու Արթուր Խաչատրյանը դեռ բակում նրան էին սպասում: Խնդրեց այլեւս չուղեկցել իրեն եւ խոստացավ հանդիպումների վերջում, եթե ժամանակ մնա, թեյ խմել պաշտոնյաների հետ:

Նախագահի թեկնածուն հանդիպումներ ուներ նաեւ մտավորականության հետ:

Դիտվել է՝