Արմեն Սարգսյանը մտավախություն չունի, որ իշխանությունների հետ համագործակցելով՝ կարող է վարկաբեկվել

armen sargsyan

Արմեն Սարգսյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հայտարարեց, որ Ս. Սարգսյանի կողմից արված առաջարկությունն իրեն՝ առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, շատ պարտավորեցնող է:

«Ես գնահատում եմ որպես մեծ պատիվ, ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել, բայց բացի պատվից կա նաեւ պատասխանատվություն»,- հայտարարեց Արմեն Սարգսյանն, ապա հավելեց, որ չնայած լրագրողների պնդումներին, որ նոր նախագահը սահմանափակ լիազորություններ է ունենալու, այնուամենայնիվ, դա չի փոքրացնում պատասխանատվությունը, եւ հանրապետության նոր նախագահը եւս մեծ լիազորություններ ունի:

ԳԱԼԱ-ն հարցրեց, թե Արմեն Սարգսյանն ունի՞ արդյոք մտավախություն, որ լինելով ՀՀԿ թեկնածու եւ աշխատելով գործող իշխանությունների հետ, որոնք ունեն ցածր վարկանիշ, ինքն էլ կունենա վարկանիշի անկում:

Հավելեցինք նաեւ, որ ՀՀԿ-ի ձեռագիրն է՝ փնտրել գտնել մարդկանց, ովքեր քիչ են առնչվել գործող իշխանության հետ եւ դրական իմիջով են հայտնի, իսկ իշխանության հետ հարաբերվելուց հետո հեռանում են վարկաբեկված:

Արմեն Սարգսյանը պատասխանեց.

«Ո՞րն է այլընտրանքը: Եթե ձեզ լսեմ, ուրեմն եթե դժվար է, անհնարին է, եւ եթե մեկը փորձում է, բայց չի հաջողում, բայց անկեղծ սրտով փորձում է եւ չի հաջողվում, ուրեմն վարկաբեկվում է, (դուք եք ասում՝ վարկաբեկվում է), եւ ինչ ուրեմն, չփորձի՞: Ուրեմն բոլորս թեւաթա՞փ լինենք եւ ասենք՝ ոչինչ հնարավոր չէ՞ փոխել, ընդունելի՞ է այդ կեցվածքը»:

Մեր այն նկատառմանը, որ նախագահի պաշտոնը դառնում է ավելի շատ սպասարկող, ենթակա պաշտոն, եւ մեծագույն ցանկության դեպքում էլ հնարավոր չէ երկրում դրություն փոխել, Արմեն Սարգսյանը պատասխանեց.

«Դա ձեր գնահատականն է. ղեկավարել կարելի է տարբեր ձեւերով: Կարելի է առաջնորդել, կառավարել, ուղղություն ցույց տալ: Ձեզ հետ համաձայն չեմ, եւ այդ առիթով մենք հնարավորություն կունենանք ձեզ հետ խոսելու»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից:

«Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են:

Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝