«Ռեկտորը եկել, հորդորում էր, որ դադարեցնեմ հացադուլը, բայց գիշերն էլ եմ մնացել բուհում». ՇՊՀ դասախոս

xorikyan

Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանը շարունակում է հացադուլը ՇՊՀ լսարաններից մեկում: Խորիկյանը գիշերը տուն չի գնացել եւ մնացել է լսարանում:

«Չնայած այն բանին, որ անընդհատ ռեկտորը փորձում էր համոզել, որ տուն գնամ, հետո առավոտ գամ, նորից շարունակեմ հացադուլը, ես ասացի, որ միեւնույն է՝ մնում եմ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Խորիկյանը:

Դասախոսի խոսքերով,  ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը սկզբում միջնորդավորված, այնուհետ անձամբ է  բանակցել իր հետ.

«Ինձ հորդորում էր դադարեցնել հացադուլը, ինչպես միշտ մեծ-մեծ խոստումներ էր տալիս, բայց ես ասացի, որ չեմ հավատում իր խոստումներին: Ասում էր՝ հայտարարություն տարածիր, որ քննարկումների արդյունքում ընդհանուր պայմանավորվածություններ կան եւ դադարեցրու հացադուլը: Ես ասացի, որ իհարկե, նման բան չեմ անի»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Հովհաննես Խորիկյանը:

Ըստ Խորիկյանի, չնայած ռեկտորի խոստումներին երեկ երեկոյան այնուամենայնիվ օրենքի խախտմամբ ամբիոնների վարիչների ու դեկանների ընտրությունները կայացել են գիտխորհրդում:

Իսկ ՀՀ ԿԳ նախարարությունից ընդհանրապես չեն արձագանքել ո՛չ երեկ, ո՛չ այսօր, չնայած, որ հացադուլ հայտարարած դասախոսը հայտարարում էր, որ հացադուլ է անում՝ հրավիրելու հանրության ու ՀՀ ԿԳ նախարարի ուշադրությունը:

Խորիկյանին երեկ եւ այսօր այցելել են բուժաշխատողներ, նրա առողջական վիճակը գնահատվել է  նորմալ:

«Ինձ ստուգեցին, ամեն ինչ նորմալ է, այնպես որ ես շարունակում եմ հացադուլը»,-հայտարարեց Հովհաննես Խորիկյանը:

Հիշեցնենք, դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը հայտարարում են, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, շրջանցելով կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների եւ ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: 

Նրանք հայտարարում են, որ Սահակ Մինասյանը շրջանցում է կանոնադրությունը եւ որ ամբիոնների վարիչների եւ դեկանների  ընտրությունները պետք է կայանային  ֆակուլտետների խորհուրդներում:

Դիտվել է՝