Խորիկյանը հացադուլ է հայտարարել հենց ֆակուլտետի լսարաններից մեկում

новый коллаж

Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը հայտարարում են, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, շրջանցելով կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների եւ ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: Դասախոսներն այսպիսով հրավիրում են ԿԳ նախարարի եւ հանրության ուշադրությունը, ընդ որում, դասախոսներից Հովհաննես Խորիկյանն ընտրել է բողոքի ծայրահեղ միջոց՝ հացադուլը: Խորիկյանը հացադուլ է հայտարարել հենց ֆակուլտետի լսարաններից մեկում, ընդ որում, դուռը ներսից փակել էր բանալիով, որպեսզի իրեն չանհանգստացնեն ռեկտորի կողմից լսարան գործուղվող անձինք:

«Իբրեւ թե իմ մասին են մտածում, որ ես չդիմեմ ծայրահեղ միջոցների, հետո գալիս ասում են՝ դուռը տեղից կհանեն: Հետո ասում են՝ դու դասի ես, իրավունք չունես հացադուլ անելու: Ես էլ ասում եմ՝ մի վճարեք իմ չպարապած ժամերը, ես գործարքով եմ աշխատում: Ես իրավունք ունեմ պայքարելու այս ճանապարհով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Խորիկյանը՝ հայտարարելով, որ գիշերն էլ է մնալու այդ լսարանում եւ որ տուն չի գնալու:

«Ֆակուլտետների խորհուրդները պետք է քննարկեին դեկանի եւ ամբիոնի վարիչների թեկնածուի ընտրության հարցը, բայց ի զարմանս մեզ՝ տեսնում ենք, որ ռեկտորը որոշել է դեկանի ընտրությունը կատարել գիտական խորհրդում այն դեպքում, երբ ըստ կանոնադրության ֆակուլտետի խորհուրդներն են ընտրում դեկաններին եւ ամբիոնի վարիչներին: Գիտական խորհուրդը միայն կարող է հաստատել ֆակուլտետների խորհուրդների ընտրությունները: Կանոնադրությունը ձեռքներիս փորձեցինք հիմնավորել, բայց երկու օր առաջ ռեկտորը որոշեց որոշակի փոփոխություններ մտցնել այդ կանոնադրության մեջ եւ ընտրությունները կազմակերպել իր ուզած ձեւով»,- հայտարարեց Խորիկյանը:

Գագիկ Համբարյանն իր հերթին հայտարարում է, որ ռեկտորը կոպիտ սխալ է անում՝ բուհի կանոնադրություն փոխելով, քանի որ դա կառավարության գործառույթն է, ոչ թե ռեկտորինը:

Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան

«Կանոնադրությունը ոչ միայն ՇՊՀ-ինն է, այլ ԵՊՀ-ինը, Վանաձորի, Գավառի պետական մանկավարժական բուհերինը: Եվ այդ նույն կանոնադրությունով մյուս բուհերն էլ են աշխատում: Այնտեղ գրված է, որ դեկան, ամբիոնի վարիչ ընտրում են ֆակուլտետների խորհուրդներում, իսկ գիտխորհուրդը հաստատում է այդ ընտրության արդյունքը: Մեր ռեկտորը որոշել է կանոնադրությունում սխալներ եւ անճշտություններ փնտրել եւ որոշել է այդ ընտրությունները կազմակերպել գիտխորհրդում: Սա անընդունելի է, մեկ ստորակետ անգամ կանոնադրության մեջ փոխելու իրավունք չունի նա: Պետք է այդ փոփոխությունների մասին առաջարկություններով դիմել ՀՀ ԿԳՆ, ԿԳՆ-ն պետք է ընդունի այդ փոփոխություններն՝ ուղարկելով կառավարություն, եւ միայն կառավարությունն իրավունք ունի հաստատելու»:

Համբարյանի խոսքերով՝ այսպիսով Սահակ Մինասյանը փորձում է դեկանների եւ ամբիոնի վարիչների պաշտոններում նշանակել իր կողմից վերահսկելի անձանց: Եվ քանի որ չի կարող վերահսկել խորհուրդներն ամբողջությամբ, ընտրությունները տեղափոխում է իր կողմից վերահսկելի գիտխորհրդի լիազորությունների մեջ:

Դասախոսի բնորոշմամբ ռեկտորն իրեն բուհում պահում է որպես անպատժելի միապետ եւ փոխանակ մտածի բուհը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու մասին, հանդես է գալիս նոր ապօրինություններով.

«Ինքը մի անգամ ասել է, որ իր միապետությունն է այստեղ եւ ինչ ուզենա՝ կանի:

Բուհը գումար չունի, որ վճարի մեր հավելավճարները, ֆինանս չունի նաեւ, որ վճարի դասախոսների ժամավճարները, մարդիկ չորս ամիս աշխատել են եւ չեն ստացել աշխատավարձ, ժամավճարները վճարված չեն բուհում»:

Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարում է, որ վերոնշյալ երկու դասախոսները՝ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը, պարզապես խաթարում են բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը:

«Ո՞վ է իրեն թույլ տվել դասի ժամին գա ասի դաս չկա ուսանողներին եւ հացադուլ անի, սա նորմա՞լ է: Թող քաղաքական, անձնական հարցերն այլ տեղ գնա լուծի:

Այս ամենը միտում ունի վերականգնել առանձին անձանց իրավչությունը, վերականգնել նախկին բարքերը, իսկ համալսարանը գնում է բարեփոխումների»:

Մինչդեռ, Մինասյանի խոսքերով, բուհի ղեկավարությունը հայտնի է ակադեմիական ազնվությամբ, որը գիտի ամբողջ մարզը: Հարցին, թե արդյոք Մինասյանն ակնարկում է, որ այլ ուժեր կան թաքնված պայքարող դասախոսների թիկունքում, Մինասյանը պատասխանեց.

«Ես չեմ ակնարկում, ես ասում եմ, բաց հայտարարում եմ»:

Ըստ ռեկտորի՝ հացադուլ հայտարարած դասախոսը նաեւ անձնական խնդիր է լուծում:

«Նույն Խորիկյանը չի ընտրվել ամբիոնի վարիչ 2015թ., չի նշանակվել ընտրվածը, եւ նորից են ընտրություն կազմակերպել, եւ նոր ընտրությամբ ընտրվել է ինքը:

Դեբոշով, սաբոտաժով Խորիկյանը մի անգամ արդեն հաջողության հասել է, այժմ երկրորդ փորձն է անում»,- մեկնաբանեց Մինասյանը:

Ինչ մնում է կանոնադրությանը եւ իր կողմից արված փոփոխություններին, Մինասյանը բացատրեց, որ ինքն իրավասու չէ եւ փոփոխություններ չի արել, պարզապես առանձնացրել է կանոնադրության վիճելի եւ խնդրահարույց կետերը: Ռեկտորի խոսքերով՝ հակասություններ կան բուհի կանոնադրության մեջ, բայց ինքը միայն կանոնադրությամբ է առաջնորդվում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝