«Իրավիճակի ցանկացած ապակայունացում բացահայտ շանտաժ է». Ի. Պրեոբրաժենսկի

soldiers_military_combat_field_dress_pattern_uniforms_Azerbaijan_Azerbaijani_army_004

Ռուսաստանցի հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արված հայտարարությանը, թե իրենց նպատակն է վերադարձնել իրենց «պատմական» հողերը, նշեց, որ սա Ադրբեջանի նախագահի կողմից նման բովանդակությամբ արված առաջին հայտարարությունը չէր:

«Անկասկած, դա ցուցադրական ագրեսիա է, որն առայժմ փոխարինում է Ադրբեջանի ղեկավարության իրական ռազմական ագրեսիային: Վերջին տասնամյակում Ադրբեջանի իշխանությունները հասարակության շրջանում ձեւակերպել են այս օրակարգը, որ պետք է ղարաբաղյան պատերազմի հարցում հասնեն ռեւանշի Հայաստանի հետ հարաբերություններում, եւ այդ հարցը մշտապես արծարծում են նվազագույնը հայտարարությունների մակարդակով»,- ասում է նա:

Ի՞նչ ակնկալել Մինսկի խմբից, երբ բանակցող կողմերից մեկն ագրեսորի դիրքերից նման հայտարարություններ է անում: Պրեոբրաժենսկին ասում է՝ պետք չէ որեւէ լուրջ արձագանք ակնկալել Մինսկի խմբից:

«Միջազգային միջնորդները, որքան ես պատկերացնում եմ, զգուշանում են ռազմական գործողությունների վերսկսումից, իսկ հայտարարություններին վաղուց արդեն լրջորեն չեն արձագանքում»:

Մի կողմից հանդիպումներ են տեղի ունենում կողմերի հետ՝ խնդրի կարգավորման եզրեր փնտրելու ուղղությամբ, մյուս կողմից շարունակում ենք զոհեր ունենալ սահմանում: Վերջին միջադեպը եղավ փետրվարի 7-ին, ճիշտ նույն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Ալիեւի հետ: Զոհերը սահմանին շանտա՞ժ է, դիվանագիտական գործի՞ք, սպառնալի՞ք…

Իվան Պրեոբրաժենսկի

Իվան Պրեոբրաժենսկի

Իվան Պրեոբրաժենսկին նշում է. «Իրավիճակի ցանկացած ապակայունացում բացահայտ շանտաժ է՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք հավատում ենք, որ կողմերը պատրաստ են բանակցությունների ճանապարհով գտնել ելք փակուղային իրավիճակից»:

Ադրբեջանի նպատակն է հետեւողականորեն բարձրացնել խաղադրույքները, որպեսզի բանակցային գործընթացի ժամանակ ամրապնդի իր դիրքերը, որպեսզի հետո առեւտրի մեջ մտնի, ինչ-ինչ հարցերում առաջարկի, ասենք, զիջումների գնալ: Ընդ որում, այնպիսի հարցերում, որոնց ուղղությամբ, այսպես թե այնպես, ի սկզբանե էլ շանսեր չկային որեւէ բան ստանալու: Ընդ որում, այս համատեքստում պետք է դիտարկել Ալիեւի հայտարարությունը: Պետք է նաեւ նկատել, որ արտահերթ նախագահական ընտրություններ են Ադրբեջանում, ինչը նպաստում է Ալիեւի հրապարակային ակտիվությանը»,-ավելացնում է քաղաքագետը:

Վերջերս Ադրբեջանը ստացավ զենքի հերթական խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարեց, որ ռուսաստանյան զենքը 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հաջողությամբ գործի է դրվել: Անդրադառնալով Ադրբեջանին շարունակաբար զինելու հանգամանքին, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ այդպիսին է Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը տարածաշրջանում:

Ադրբեջանին զենքի վաճառքը Պրեոբրաժենսկին համարում է հավասարակշռությունը կողմերի միջեւ ապահովելու քայլ, «փոխհատուցում»: Փոխարենն, ասում է, ռուսաստանյան զորքերը Հայաստանի սահմանն են պաշտպանում:

«Կարելի է վստահ ասել, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, նա կգտնի՝ որտեղից ձեռք բերել դրանք, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, նավթային եկամուտները, որոնք ուղղվում են ադրբեջանական բյուջե, ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում այդ երկրին արդիականացնելու բանակը»:

 

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝