Դիվանագիտության երևացող և չերևացող կողմերը

serj-aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 8-ին Բաքվում կայացած «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտարարել է, թե իրենց նպատակն է վերադարձնել «պատմական» հողերը:

«Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան: Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է հետ վերադարձնենք այդ հողերը… Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ»‚- ասել էր Ալիևը:

Նշենք, որ վերջին տարիներին Ալիևը նույնաբովանդակ բազմաթիվ հայտարարություններ է արել: Արդյո՞ք դրանք ներքին սպառման համար են, հատկապես Ադրբեջանում սպասվող ընտրությունների ֆոնին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ իսկապես այնքան հաճախակի են հնչել ռազմատենչ հռետորաբանությամբ հայտարարություններ, որ դժվար է կապել որևէ գործընթացի հետ:

«Բայց տվյալ դեպքում հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել իշխանական «Յենի Ազերբայջան» կուսակցության կոնգրեսում, այո, իհարկե, սա պետք է դիտել հենց առաջին հերթին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների կոնտեքստում: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը հետևողականորեն վարում է քաղաքականություն, ինչպես դրա մասին Ալիևը նշեց նույն հանդիպման ժամանակ խոսքի այլ հատվածում, որ գրվում են բազմաթիվ գրքեր և հիմնավորվում են, որ Երևանը, Սևանը և ՀՀ այլ տարածքներ ադրբեջանական հողեր են, և «մի օր մենք բոլորս պետք է վերադառնանք մեր պատմական ադրբեջանական հողեր»:

Այսինքն, սա քաղաքականություն է, պրոպագանդային ձևով, որը կամաց-կամաց նստվածք է տալիս շարքային ադրբեջանցիների ուղեղներում և կարող է գալ մի պահ, որ իրավամբ, այնքան խորը լինի հավատը, որ ուղղակի դա վերածվի արդեն համոզմունքի, որ, այո, այդ ամբողջ տարածքն ադրբեջանցիներինն է, և նրանք պետք է վերադառնան: Սա կարող է էլ ավելի հեռացնել երկու երկրներին և սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»,- ասում է Թաթուլ Հակոբյանը:

Արվող հայտարարություններից, վերլուծաբանի կարծիքով, պետք է օգտվեն պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, լոբբիստական կազմակերպությունները: Փայլուն օրինակ է միջազգային հանրությանը ցույց տալու, թե Հայաստանն ու Արցախն ինչ հարևանի հետ գործ ունեն:

«Եվ նաև ցույց տալու, թե որքան դժվար է լինելու ողջամիտ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այն դեպքում, երբ որ հարևան հանրապետության նախագահը, մի կողմ եմ թողնում՝ նա ընտրված է, թե ընտրված չէ, ինչ տարածքային հավակնություններ ունի: Այս իմաստով ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունը միջազգային մակարդակի վրա աշխատելու է հօգուտ Հայաստանի, եթե, իհարկե, Հայաստանի դիվանագետները, Հայաստանի լոբբիստները կարողանան դա լավ օգտագործել»,- նշեց Թաթուլ Հակոբյանը:

Թ՛ե Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների աթոռները զբաղեցնող անձինք կոնֆլիկտը ծառայեցնում են ներքին խնդիրներ լուծելու նպատակով: Հանրությանն իրենց նպատակահարմար ժամանակահատվածում մատնացույց անում սահմանում տիրող իրավիճակը, Ալիևն էլ ժամանակ առ ժամանակ հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով՝ նախընտրական շրջանում հռետորաբանությունն ավելի սաստկացնելով:

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

«Ես խորապես համոզված եմ, որ Ադրբեջանը լուծում է ուզում: Բայց ուզում է մի լուծում, որտեղ ինքը կստանա ամեն ինչ, իսկ Հայաստանն ու Արցախը չեն ստանա ոչինչ: Սա էլ է լուծում, չէ՞: Իրենց պատկերացրած լուծումը հենց սա է: Այսինքն, միանշանակ ասել, որ Ադրբեջանը լուծում չի ուզում, ճիշտ չէ: Ադրբեջանը ուզում է բացառապես մի լուծում, որը բխում է իր շահերից, դա այն լուծումն է, երբ որ վերականգնվում է 1988-1991 թվականների իրավիճակը, երբ որ վերականգնվում են նախկին խորհրդային Ադրբեջանի և նախկին խորհրդային Հայաստանի սահմանները:

Ադրբեջանի պատկերացրած լուծումը, գոնե հրապարակավ, որը իրենք հայտարարում են, սա՛ է: Էլ չասեմ, որ հիմա ավելին են պահանջում, ասում են՝ մենք արդեն Երևան ենք վերադառնալու:

Ես կարծում եմ, որ նաև լուծում ուզում են Հայաստանում և Արցախում: Բայց Հայաստանում և Արցախում ուզում են այնպիսի լուծում, որը բխի Հայաստանի շահերից: Վերջին տարիներին արդեն Հայաստանում և հատկապես Արցախում ավելի է խորացել այն համոզումը, որ ո՛չ, Ադրբեջանին ոչ մի թիզ հող չպետք է զիջել և պետք է այսօրվա ստատուս քվոն ամրագրել… Սա էլ լուծման տարբերակ է, որին ավելի ու ավելի շատ հակված են հայկական կողմերը, հատկապես երբ որ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից նման ռազմատենչ և հող պահանջելու քաղաքականություն: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ուզում է հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասում է Հակոբյանը:

Մյուս կողմից Թաթուլ Հակոբյանը նշում է, որ արցախյան հակամարտության չլուծված լինելու հանգամանքն օգտագործում են գրեթե բոլորը՝ հակամարտության մեջ ներգրավված կողմերն ու միջնորդները:

«Բնական է, որ այս հարցը նաև շահարկվում է ներքաղաքական նպատակներով: Բնականաբար, իշխանական շրջանակները, հենց որ ընդդիմությունը փորձում է գլուխ բարձրացնել՝ փողոցային ցույցերի միջոցով կամ այլ եղանակներով, միանգամից ասում են, որ դուք թշնամու ջրաղացին ջուր եք լցնում: Այս իմաստով բնական է, որ սա ներքաղաքական իմաստով շահարկումերի է ենթարկվում: Այո, ինչ-որ տեղ ղարաբաղյան հարցի չկարգավորվածությունը լավ պատրվակ է, որպեսզի ոչ լեգիտիմ իշխանությունները շարունակեն իշխել իրենց երկրներում:

Եթե մի կողմ ենք թողնում այս ռազմատենչ հռետորաբանությունը, որն արեց երեկ Ալիևը, սա երևացող մասն է դիվանագիտության: Բայց կա նաև չերևացող մաս, այն է՝ բանակցային գործընթաց, որը կարծես թե այս օրերին փորձ է արվում կրկին առաջ մղել, և ըստ այդ բանակցային գործընթացի՝ կարծես թե հակամարտության մեջ ներգրավված կողմերն ամեն դեպքում փորձում են գտնել տրամաբանական, արժանապատիվ լուծումներ: Ես չեմ ուզում միայն այս պոպուլիստական և ռազմատենչ հայտարարություններով դատողություն անենք: Ըստ էության, տեղի է ունենում նաև գործընթաց, որի մանրամասների մասին մենք տեղյակ չենք»,- եզրափակում է Թաթուլ Հակոբյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝