«Միջազգային ֆինանսական կառույցները վարկերը երևի հենց կոռուպցիան սնելու համար են տալիս»

Ստեփան Դանիելյան

Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանում դատական համակարգը շարունակում է անվստահելի մնալ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն իրական արդյունք չի տալիս: Չնայած նման զեկույցներ ու գնահատականներ միջազգային կառույցների կողմից շատ են եղել, սակայն դա չի խանգարում, որ շարունակեն միջոցներ ուղղել խորացող կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում՝ քաջ իմանալով, որ դրամաշնորհներն ու վարկային միջոցները խորացնում են կոռուպցիան, որ որևէ տնտեսական կապիտալ այդ միջոցները չեն ստեղծում մեր երկրում:

«Պետք չէ շփոթել պետությունների քաղաքականությունը միջազգային ֆինանսական կառույցների կողմից վարվող քաղաքականության հետ: Միջազգային ֆինանսական կառույցներն ու հիմնադրամները շատ դեպքերում ինքնուրույն քաղաքականություն են վարում, և իրենց խնդիրն է որքան հնարավոր է շատ վարկեր տրամադրել պետություններին ու դրանով իրենց վերահսկողությունը տարածել նրանց վրա: Այդ կառույցներն ունեն իրենց շահերը, և այդ շահերի մեջ է, որ պետություններն իրենցից կախվածության մեջ լինեն, և իրենց այնքան էլ չի հետաքրքրում, թե որքանով այդ պետությունները կլինեն էֆեկտիվ: Այդ վարկերը երևի հենց կոռուպցիան սնելու համար են տրվում: Առավելագույնը, ինչ իրենց կարող է հետաքրքրել, այն է, որ վարկերի տոկոսները մենք կարողանանք մարել, ու որքան երկար ժամանակ դա տևի, այնքան իրենց համար լավ: Դա մեր խնդիրն է, և մինչև մենք ինքներս չպայքարենք կոռուպցիայի դեմ, դրսից մեզ ոչ ոք չի օգնի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին պարտքը քառապատկվել է 2008 թվականից ի վեր: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները, սակայն, չեն նշանավորվել որևէ ոլորտում արձանագրված ձեռքբերմամբ:

«Ինչ վերաբերում է նրան, որ 2008-ից սկսած Սարգսյանին աջակցել են, դա ակնհայտ է: Նույնիսկ «Մարտի 1»-ը չէր կարող տեղի ունենալ, եթե այդ աջակցությունը չլիներ: Հիշենք, որ այդ օրը ԵՄ դեսպանները Քոչարյանի հետ հանդիպել էին, և բավական էր, որ զգուշացնեին ուժ չկիրառելու մասին, ապա այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, իսկ կարճ ճամանակ անց Ռուսաստանի նախագահը հենց այդ հրապարակում ցուցադրաբար մասնակցեց այն «Ռուսաստանի հրապարակ» անվանելու միջոցառմանը: Սերժ Սարգսյանը որոշակի խոստումներ էր տվել նրանց, որոնք, ըստ երևույթին, նա կատարել է: Նաև մի հետաքրքիր դիտարկում. Տեր-Պետրոսյանի կողմից անվանված «միջազգային հանրությունը», ըստ էության, դեմ էր Արցախի հարցում նրա կողմից հայտարարված զիջումներին»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ մեր խնդիրն այլ է. պետք է հասկանանք, գտնենք այս հարցի պատասխանը՝ առհասարակ ի՞նչ ենք ուզում ինքներս մեզանից և միջազգային հանրությունից:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո եվրոպացի չինովնիկները հայտարարում են, որ այս անգամ քաղաքացին է շահելու: Ապա հստակեցնում են, որ շահել ասելով ի նկատի ունեն փողը: Շատ փող են տալու Հայաստանին:

Անդրադառնալով ԳԱԼԱ-ի հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ տարիների շփո՞ւմն է նրանց մոտ տպավորություն թողել, որ Հայաստանում բոլորի ուզածը փողն է, այլ ոչ թե ժողովրդավարությունն ու ազատությունները, ազատ ընտրությունները, եվրոպական արժեքները, Ստեփան Դանիելյանը նշեց. «Հայաստան ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Հայաստանն այսօր Սերժ Սարգսյանն է: Հանրությունը քաղաքականապես ներկայացված չէ քաղաքական կյանքում: Միջազգային հանրությունը շփվում է նրանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում: Հայաստանում որոշումներ կայացնողներին փողն է հետաքրքրում: Այդպես էլ վերաբերվում են: Գործող իշխանության հիմնական մեթոդը ֆինանսական վերահսկողությունն է և վերահսկողությունից դուրս եկածներին տնտեսական շրջափակման կամ պատիժների ենթարկելն է: Դա մամուլին էլ է վերաբերում: Սակայն իմ կարծիքով հիմնական խնդիրը հենց գաղափարական դաշտում է գտնվում: Հանրությունն այդպես էլ չկարողացավ ձևավորել գաղափարական դաշտ, որի շուրջը կարողանա միավորվել: Այսօր իշխանությունը վերահսկում կամ կարողանում է շեղել իրենց ընդդիմադիր հռչակած կազմակերպություններին: Դա իրենց հաջողվում է»:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝