Փաստաբանների գործադուլը Հայաստանում. պայքար տուգանքներ նախատեսող օրինագծի դեմ

pastabanner-470x265

Արդեն տեւական ժամանակ է ՀՀ-ում փաստաբանները պայքարում են իշխանությունների կողմից փաստաբանների նկատմամբ տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու նախաձեռնության դեմ: Ըստ փաստաբանների՝ իշխանությունների այդ գործողությունները միտված են Հայաստանում անկախ փաստաբանական ինստիտուտը վերացնելուն կամ դրան ուղղված քայլերից հերթականն են:

Փաստաբանները բողոքի գործողություններով եւ հայտարարություններով պահանջում եւ կոչ են անում ԱԺ-ին եւ կառավարությանը բացառել նախագծով սահմանվող  փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը:

Դեռ հունվարի 16-ին էր փաստաբանական համայնքը նման հայտարարություն տարածել: Հարյուրավոր փաստաբաններ են ստորագրել այդ հայտարարության տակ՝ բացատրելով, որ  իշխանությունների կողմից չի ներկայացվել  որևէ փաստարկ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին:

Չնայած այս հայտարարությանը եւ բողոքի այլ դրսեւորումներին՝ իշխանություններն անդրդվելի են, ինչն էլ հիմք է տալիս շատ փաստաբանների շարունակել բողոքի գործողությունները՝ բոյկոտելով դատական գործերը եւ իրականացնել գործադուլ:

Երվանդ Վարոսյան

Երվանդ Վարոսյան

«Փաստաբանների նկատմամբ տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու նախաձեռնությունը վերջին տարիներին Հայաստանում անկախ փաստաբանական ինստիտուտը վերացնելուն ուղղված քայլերից հերթականն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Վերջինս ասում է, որ թեեւ ինքը չի մասնակցում Փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող բողոքի միջոցառումներին, բայց դեմ է իշխանությունների կողմից մշակվող այդ նախագծին եւ ինքն էլ իր հերթին է բողոքում ու բոյկոտում դատական նիստերը:

Փաստաբանների պալատում կազմակերպվող միջոցառումներին չի մասնակցում նաեւ փաստաբանների մի  մեծ խումբ, որոնք առավել հայտնի եւ ներգրավված են քաղաքական գործերով դատավարություններին: Նրանք բոյկոտում են առանձին, քանի որ այն համոզումն ունեն, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ պալատի մյուս աշխատակիցները չեն կարող գործել իշխանություններից առանձին եւ ինքնուրույն պայքարել.

Այս կապակցությամբ Երվանդ Վարոսյանն ասում է.

«Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի արձագանքին, ապա ամենայն հարգանքով վերաբերվելով իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հարյուրավոր գործընկերներին (ինքս էլ երեկ դատական նիստերին չեմ մասնակցել), այնուամենայնիվ, համոզված եմ, որ Արա Զոհրաբյանը չի կարող գործել ինքնուրույն ու իրականում ընդդիմանալ իշխանությանը։ Ընդ որում, այդ վիճակում ինքն է իրեն դրել իր իսկ գործողություններով, մասնավորապես պետական միջոցներով ձեռք բերված ու պետության կողմից ֆինանսավորվող, հանրային պաշտպանի համար նախատեսված ավտոմեքենան որպես ծառայողական օգտագործելով կամ պետության կողմից տրամադրվող գումարից ամսական 4 միլիոն դրամը պալատի ուռճացված աշխատակազմի աշխատավարձը վճարելուն ուղղելով։ Օրինակները բազմաթիվ են, սակայն փաստ է, որ հիմա պալատի ղեկավարությունն ինքնուրույն չի գործում, այլ այս տուգանքի դրույթի նախաձեռնման, դրա շուրջ աժիոտաժի, ապա վերջնական որոշման կայացման ընդհանուր սցենարում իրականացնում է իրեն հատկացված դերակատարումը։ Անկախ ելքից՝ ակնհայտ է, որ այս հարցում ելքը որոշված է նախապես»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝