Ճոխ ճաշկերույթներ՝ պետական բյուջեի միջոցներով

12109

Իշխանական տարբեր գերատեսչություններ պետական միջոցները չեն խնայում տարբեր պատվիրակությունների ճոխ ընդունելության եւ ճաշկերույթների կազմակերպման վրա:

Armeps.am կայքում զետեղված գնումների պայմանագրերից առանձնացնենք մի քանիսը, որոնք առնչվում են նախորդ տարի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ գլխավոր դատախազության կատարած գնումներին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի խորհրդակցական կոմիտեի առեւտրային քաղաքականության ենթակոմիտեի նիստը Երեւանում անցկացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից ծախսվել է 3 մլն 216 հազար ՀՀ դրամ:

65 հոգու համար ընթրիք է կազմակերպվել, եւ ավելի քան կես միլիոն դրամ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը փոխանցել է «ԴԵՄԳՈ» ՍՊԸ-ին:

Ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում քննարկում անցկացնելու համար 2017 թվականի մարտ ամսին դարձյալ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Երեւան: Պատվիրակության այցը կազմակերպելու հետ կապված ծախսերը մարտի 1-3-ը կազմել է 664,5 հազար ՀՀ դրամ:

30 հոգու համար ընթրիք է կազմակերպվել եւ դարձյալ «ԴԵՄԳՈ» ՍՊԸ-ին փոխանցվել է 240 հազար դրամ գումար:cuc1

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջային կոմիտեն 2017 թվականի դեկտեմբերի 20-ին պաշտոնական ընթրիքի կազմակերպման համար «Հոթել Ցենտրալ» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին փոխանցել է 312.000 դրամ:

Նույն գերատեսչությունը պաշտոնական ճաշ կազմակերպելու համար «Բի Էյ Պերլա» ՍՊԸ-ին, 15.12.2017 թվականին կնքված գնման պայմանագրի համաձայն, 695.550 դրամ է փոխանցել՝ պետական բյուջեի եւ արտաբյուջեի միջոցների հաշվին նախատեսված համապատասխան պատվիրակությունների եւ հյուրերի ընդունելության շրջանակներում՝ ներկայացուցչական ծախսեր հոդվածի համաձայն:

Սեպտեմբերին կայացած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված բոլոր ծառայություններն արժեցել են շուրջ 3,5 մլն ՀՀ դրամ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝