Ստամբուլի նահանգապետարանը չի ճանաչում ընտրված արքեպիսկոպոսին, Թուրիքայի իշխանությունների համար նախընտրելի է Արամ Աթեշյանը

big_1465301718_5485046

Ստամբուլում նոր զարգացումներ են հասունանում  դարձյալ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված: Պատճառն այս անգամ Թուրքիայի ՆԳ նախարարության դեմ հայերի ներկայացրած դատական հայցն է, որով իրենց անհամաձայնությունն են հայտնում Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտելու համար:

 Սակայն դատական հայցից հետո հրաժարական են ներկայացրել պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի որոշ անդամներ եւ ապա Թուրքիայի իշխանությունները հանդիպման են հրավիրել հայերին։

Բանն այն է, որ Պոլսո  պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրներ ունի եւ արդեն 9 տարի շարունակ ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Պոլսո պատրիարքի հիվանդանալուց հետո ահագին ժամանակ այդ պարտականությունները կատարում էր նրա փոխանորդը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Սակայն Պոլսո պատրիարքարանը ստիպված եղավ 2017թ-ի մարտի 15-ին պատրիարքական նոր տեղապահ ընտրելԳարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որպեսզի պատրիարքի պարտականությունները ժամանակավորապես կատարի  Բեքչյանը: Իսկ Արամ արքեպիսկոպոսը ստիպված եղավ հրաժարական տալ։

Պոլսո պատրիարքարանը նաեւ  պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու հարցով է դիմել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, բայց տեւական ժամանակ արձագանք չէր  ստանում։

Երեկ Ակոսի փոխանցմամբ Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակ է ստացվել, որում, ընդգծելով Մութաֆյան պատրիարքի կենդանության փաստը, նշվում է, որ պատրիարքական նոր ընտրությունների համար համապատասխան պայմաններ չկան։ Բացի այդ նամակում նշվում է նաեւ,  որ պատրիարքական գլխավոր փոխանորդի պաշտոնում ճանաչում են Արամ Աթեշյանին եւ ոչ թե  օգոստոսին ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակում նշվում է նաեւ, որ Գարեգին Բեքչյանի՝ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ բոլոր գործողություններն անվավեր են։ Նամակում պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար «այսպես կոչված» արտահայտությունն է օգտագործվում, և պատրիարքական տեղապահի բոլոր որոշումներն անվավեր են ճանաչվում։

Զարգացումների շուրջ պատրիարքարանից հայտարարություն է ակնկալվում։ Նաև հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքային հիմնադրամների նախագահներին հրավիրել է մասնակցելու Ստամբուլի նահանգապետարանում վաղը կայանալիք ժողովին։ Նշվում է, որ Թուրքիայի ժամանակով ժամը 11։30-ին կայանալիք ժողովին նաև Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է ներկա գտնվելու։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող եւ պատրիարքի պարտականությունները կատարող Արամ Աթեշյանը բավականին սերտ հարաբերությունների մեջ է գտնվում Թուրքիայի գործող իշխանությունների հետ եւ պոլսահայերի համար նախընտրելի թեկնածու չէ:

Հիշեցնենք նաեւ, որ նրա անձի շուրջ աղմուկ բարձրացավ հատկապես, երբ Արամ Աթեշյանը նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն էր հայտնում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝