ՀՀ-ում պետական դրամաշնորհներին զուգընթաց ավելացել է նաև կոռուպցիայի ցուցիչը

115726

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել էր զեկույց  ՀՀ ներդրումային միջավայրի մասին, որը բնորոշվում էր խիստ ռիսկային և ոչ հուսադրող, և որտեղ կոռուպցիան շարունակում է մնալ զգալի խոչընդոտ:

«Չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր ներդրումային միջավայրը կարծես բարելավվում է, այնուամենայնիվ, կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթության, ռազմական և իրավապահ ոլորտներում: Իսկ դատական ​​համակարգը զուրկ է անկախությունից, ինչը համակարգը դարձնում է անվստահելի»,- ասված էր զեկույցում:

Այս զեկույցը թերևս լավագույնս է բնորոշում ՀՀ-ում կոռուպցիոն մակարդակը, որի դեմ արդեն տասնյակ տարիներ պայքարում են ՀՀ իշխանությունները և միջազգային դոնորները՝ շռայլելով պետական դրամաշնորհներ, որոնք, ի դեպ, գնալով աճում են:

Մինչդեռ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը որևէ լուրջ առաջընթաց չի գրանցել սկսած 2003-ից: Այս մասին հայտարարեց նաև «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանն անցած տարեվերջին՝ արդյունքներն ամփոփելու ժամանակ:

«Ֆրիդմ Հաուսի» ցուցանիշը ևս չի փոխվում, համաձայն որի աշխարհի 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում: Հայաստանը գտնվում է նաև ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում:

Չնայած այս ամենին՝ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի պետական դրամաշնորհների առյուծի բաժինը ԵՄ-ից է:

ԳԱԼԱ-ն ուսումնասիրել է, թե ՀՀ-ն պետական որքան դրամաշնորհ է ստացել 2008թ.-ից.

2008 թվական՝ 34.92 մլրդ դրամ

2009 թվական՝ 34,71 մլրդ դրամ

2010 թվական՝ 42,5 մլրդ դրամ

2011թվական՝ 56 մլրդ դրամ

2012 թվական՝ 16,3 մլրդ դրամ

2013 թվական՝ 17,48 մլրդ դրամ

2014 թվական՝ 20 մլրդ դրամ

2015 թվական՝ 25,64 մլրդ դրամ

2016 թվական՝ 30.2 մլրդ դրամ

2017 թվական՝ 31,0 մլրդ դրամ

2018 թվականի պետական բյուջեով նախատեսվող պետական դրամաշնորհների ծավալն ավելի մեծ է, կազմում է մոտ 35 մլրդ դրամ:

Այդ գումարների զգալի մասը հատկացվում է ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: ՀՀ կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում. այս տարիներին օրենսդրական դաշտում մշակվել են որոշ իրավական ակտեր, ստեղծվել են հակակոռուպցիոն մարմիններ և խորհուրդներ:

Արդյունքում, կոռուպցիայի ընկալման ցուցիչով Հայաստանն առաջընթաց չի գրանցում:

Ներկայացնում ենք կոռուպցիայի ցուցիչն ըստ տարեթվերի՝ ըստ «Transparency International»-ի գնահատման.

2012 թ. կոռուպցիայի ընկալման ցուցիչը 34

2013 թ. կոռուպցիայի ընկալման ցուցիչը 36

2014 թ. կոռուպցիայի ընկալման ցուցիչը 37

2015 թ. կոռուպցիայի ընկալման ցուցիչով 35

2016 թ. կոռուպցիայի ընկալման ցուցիչը 33

2017 թ. ցուցանիշները դեռևս հրապարակված չեն:

Հրապարակված վերջին 2016թ.-ի արդյունքներով՝ Հայաստանը հետընթաց է արձանագրել թե՛ Կոռուպցիայի ընկալման համաթվի գլոբալ վարկանիշային աղյուսակում, թե՛ ընկալման համաթվով: Ըստ զեկույցի՝ մեր երկիրը Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը՝ հետընթաց գրանցելով 2015թ.-ի իր դիրքերից:

Տարբեր ուսումնասիրություններով Հայաստանում ամենակոռումպացված կառույցները համարվում են դատարանները և առողջապահական հիմնարկները, հարկային մարմինները և նախագահի աշխատակազմը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝