Ադրբեջանը հայկական «Իսկանդեր»-ին հակադարձելու տարբերակներ է փնտրում, և դա կարող է լինել բելառուսական «Պոլոնեզը»

555

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում վերջին շրջանում շատ քննարկվեց Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ երկրների կողմից զենքի վաճառքի հարցը, այն բանից հետո, երբ եղան հրապարակումներ, թե ՌԴ-ի կողմից վաճառված զենքի հերթական խմբաքանակն է հասել Ադրբեջան:

Բարձրաձայնվեց այն հարցը, որ ոչ միայն ՀՀ դաշնակից անդամ ՌԴ-ն է զինում Ադրբեջանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկու այլ երկրներ՝ Ղազախստանն ու Բելառուսը:

Բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի թեման նախորդ տարվա հոկտեմբերին շրջանառության մեջ դրեցին ադրբեջանական լրատվամիջոցները: Խոսվեց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները Բելառուսի հետ համաձայնության են եկել «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի ձեռք բերման հարցում: Հայաստանյան փորձագիտական շրջանակների կողմից էլ եղան հայտարարություններ, որ բելառուսական «Պոլոնեզ»-ով Ադրբեջանը փորձ է անելու հակակշռել հայկական «Իսկանդեր»-ին: Հայկական կողմը, սակայն, շարունակում է լռել: 2նկ«Պոլոնեզ» հրթիռային համակարգ

Ըստ փորձագետ Գևորգ Մելիքյանի՝ պետք է դեռևս սպասել պաշտոնական հաստատման, թե արդյոք իսկապես նման պայմանավորվածություն ունեն Ադրբեջանն ու Բելառուսը. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին, ես մի կարծիք փորձեմ հայտնել: Ռուսական կողմը հասել է այն կետին, որ ասում է հետևյալը, որ եթե մենք չենք ուզում, որ իրենք զենք մատակարարեն Ադրբեջանին, ապա նույն հաջողությամբ ուրեմն իրենք պետք է զենք չմատակարարեն նաև ՀՀ-ին, քանի որ նույն հաջողությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս բանակցող կողմն էլ համարվում է Հայաստանը, այսինքն, եթե իրենք չեն տալիս Ադրբեջանին, ապա նույն տրամաբանության մեջ իրենք պետք է չտան զենք նաև Հայաստանին:

Իհարկե, հակափաստարկները շատ են, քանի որ Հայաստանը ռազմավարական դաշնակիցն է ՌԴ-ի, ու նաև ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, բայց այն տրամաբանությունը, թե արդյոք դրանով չեք նպաստում ԼՂ հակամարտության սրմանը և այլն, հակառակը, ռուսական կողմը պնդում է, որ դրանով իրենք նպաստում են հավասարակշռության պահպանմանը, և այստեղ, իհարկե, փորձագիտական կարծիքները շատ տարբեր են:

Ցավալին այն է, որ պաշտոնական Երևանը շատ դժկամությամբ է պատասխանում կամ արձագանքում այդ դեպքերին կամ փորձում է դժգոհությանը զուգահեռ նաև որոշակի հիմնավորումներ ու արդարացումներ բերել, թե ինչու է այդպես, որը խոսում է այն մասին, որ ինչպես Ս. Սարգսյանը ժամանակին ասաց, ցավոք, ՀՀ-ն չի կարող ազդել ՌԴ որոշումների վրա, այսինքն, մենք դժգոհ ենք, մեզ ձեռք չի տալիս այդ վաճառքը, բայց ոչինչ չենք կարող անել»,- նշեց փորձագետը:

 Գևորգ Մելիքյան Փորձագետ

Գևորգ Մելիքյան
Փորձագետ

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի զլանում ու զենքի մատակարարման տարբեր աղբյուրներ է գտնում: Ճիշտ է, առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ին, բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ միայն մի մատակարարով չի կարելի բավարարվել, «քանի որ մատակարարը, որպես կանոն, թելադրում է նաև քաղաքականությունը, սկսում է այդ երկրից կախված լինել քո երկրի ամբողջ անվտանգային համակարգը: Հարցը բելառուսական «Պոլոնեզի» լինել-չլինելը չէ, Ադրբեջանը փնտրում է տարբերակներ, կոնկրետ այս պարագայում «Իսկանդեր»-ին հակադարձելու համար, և դրա համար մի քանի աղբյուրներ կան, որոնցից մեկը բելառուսական «Պոլոնեզն» է»,- նշեց Գ. Մելիքյանը:

Ըստ փորձագետի՝ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը երբևէ չի էլ փորձել ՀԱՊԿ-ում խնդիր բարձրացնել, թե անդամ երեք պետություններն ինչ սկզբունքով են զինում Ադրբեջանին: Այս առումով, Գ. Մելիքյանի պնդմամբ, ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ի հետ համեմատելի չէ. «Ցավոք, համեմատելու չեն այդ երկու բլոկները, ցավոք, այդ բլոկը չմոտեցավ ՆԱՏՕ-ի ոչ գործառույթներին, ոչ փիլիսոփայությանը, ոչ տեսլականներին, տարբերություններն ահռելի են, միայն այն, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածն ասում է՝ հարձակումը մի երկրի վրա դիտարկվում է որպես հարձակում մնացած բոլոր երկրների վրա:

Իհարկե, ՀԱՊԿ-ի կանոնադրությունը ևս ունի նման հոդված, բայց հարցն այն է, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, այդ կետը որևէ անգամ չի գործադրվել որևէ պարագայում, ու հայկական կողմն ինքը պետք է հրավիրի անվտանգության խորհուրդ ՀԱՊԿ-ի, որպեսզի նա որոշում կայացնի: Հայաստանը երբեք նման խնդրանքով, դիմումով, պահանջով հանդես չի եկել, իսկ ինչու չի դիմել՝ սա լրիվ մեկ այլ պատմություն է»,- եզրափակեց փորձագետը:

 

Հերմինե Մկրտչյան

 

Դիտվել է՝