ՀՀ-ում ինչպես են վերաբերվում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին

e38523b4c234deea7d6b00cc0d679c86

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ տեղեկանքը:

Տեղեկանքի հիմքում Կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում վերոնշյալ կառույցներին ներկայացված հարցումներն ու դրանց տրամադրված պատասխաններն են:

Ընդհանուր առմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 401 տեղեկատվական հարցումներից ժամանակին ստացվել են 305-ի պատասխանները: 2017 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամենաշատ հարցումներն ուղարկել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանց ուղարկված հարցումների թիվը ընդհանուր թվի 27 %-ն է կազմում: Այս առումով ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին ամենապարտաճանաչ կառույցներն են ՀՀ Ոստիկանությունն ու նրա ստորաբաժանումները, սոցիալական և առողջապահական, ինչպես նաև արդարադատության ոլորտի կառույցները:

Ոստիկանությանը ներկայացված 30 հարցումներից 29-ի պատասխաններն ստացվել են ժամանակին: 2017-ին ժամանակին ներկայացված պատասխանների թվով նրանց շարքը համալրել են ՀՀ Դատախազությունն ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Դրան հակառակ՝ մեծ է նաև ՀՀ Դատախազության ուշացված պատասխանների թիվը. 7 հարցման պատասխան ուշացել է, իսկ 2-ին ընդհանրապես պատասխան չի տրամադրվել: Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին առաջատարը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 2017-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին: Ուշացրած պատասխանների թվով երկրորդը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է. պատկերը նույնն է 2016-ին:

Այնուամենայնիվ նշենք, որ 2016 թ.-ի համեմատությամբ 2017-ին ուշացած պատասխանների տեսակարար կշիռը 3 անգամ նվազել է, նույնքան ավելացել է պատասխան չստացած հարցումների տեսակարար կշիռը:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝