Ծխելու դեմ պայքար. տուգանքները գերազանցում են քաղաքացու միջին աշխատավարձը

nkkk

Հասարակության շրջանում վերջին օրերին լայն արձագանք գտավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սահմանված բարձր տուգանքների միջոցով ծխելու դեմ պայքար իրականացնել հայաստանյան հասարակական վայրերում և փակ տարածքներում:

Այսպիսով, նախագծով ընդլայնվել է այն վայրերի ցանկը, որտեղ ծխելը կարգելվի, ու բացի այդ, մի քանի անգամ ավելացվել են նախատեսվող տուգանքների չափերը։ Օրինակ՝ հանրային վայրերում՝ սրճարաններում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում, դպրոցներում, բուհական և առողջապահական հաստատություններում նախատեսվում է ծխելու համար տուգանք սահմանել 250 հազար դրամի չափով: Նախագծով առողջապահության նախարարությունն առաջարկում է 100 հազար դրամով էլ տուգանել տրանսպորտում, տաքսիներում, կանգառներում ծխող քաղաքացիներին:

Ներկայացված նախագծի ու տուգանքի այս չափերի վերաբերյալ առաջին բացասական ու խիստ քննադատական արձագանքները եղան ծխող քաղաքացիներից: Առաջին արձագանքն այն էր, որ սահմանված ոչ ողջամիտ տուգանքի չափերով փորձ է արվելու պետական բյուջեն լցնել:

Եվ պատահական չէ, որ այս նախագիծն արժանացավ նաև չծխողների քննադատությանը, ովքեր կողմ լինելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի փորձերին՝ գտնում են, որ նման չափի տուգանքներ սահմանելն ուղղակի անհեթեթություն է, և որ հարկավոր է ծխելու դեմ պայքարի այլ մեթոդներ մշակել ու գործածել՝ ուսումնասիրելով մյուս երկրների փորձը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում, ըստ ԱՎԾ տվյալների, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 388 ԱՄՆ դոլար՝ 188 հազար դրամ, սակայն առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է, օրինակ, մեկ անգամ հասարակական վայրում ծխելու համար տուգանել 200 հազար դրամով: Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ սահմանված տուգանքի չափերը, մեղմ ասած, համաչափ չեն քաղաքացու ունեցած եկամտին:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մեքենայում ամրագոտի չկապելու համար սահմանված է 5000 դրամի տուգանք, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված տուգանքը կազմում է 20 հազար դրամ, տրանսպորտային միջոց ոչ սթափ վարելու դեպքում (եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է եղել) տուգանքը կազմում է 150 հազար դրամ:

Այսինքն, ՃՈ կանոնների անգամ կոպիտ խախտումների դեպքում սահմանված են առավել ողջամիտ տուգանքներ, քան այն, ինչ առողջապահության նախարարությունն է առաջարկում՝ ծխելու դեմ պայքարի շրջանակներում:

Ինչպե՞ս են ծխելու դեմ պայքարում այլ երկրներում

Եթե ՀՀ առողջապահության նախարարությունը գտնում է, որ միայն բարձր տուգանքներով կարելի է պայքարել արատավոր երևույթի դեմ, ապա, օրինակ, Շվեդիայում այլ տարբերակ են գտել, սահմանվել է ծխախոտի շատ բարձր գին, բացի այդ, այդ երկրում որոշել են պարգևավճարներ տալ այն աշխատակիցներին, ովքեր թողել են ծխելը:

Բելգիայի շրջաններից մեկում, օրինակ, իշխանությունները գործատուներին հանձնարարել են հստակ նշել, թե աշխատողները որքան ժամանակ են ծախսում ծխելու վրա, և ամսվա վերջում այդ ժամերի գումարը հանել աշխատավարձից: 

Իտալիայում, սակայն, առավել կոշտ քայլերի են դիմել՝ դարձյալ տուգանքի միջոցով են պայքարում ծխելու դեմ: Օրինակ, հասարակական վայրում ծխելու համար սահմանված է 250 եվրո տուգանք: Գումարի չափը կրկնապատկվում է, եթե քաղաքացին ծխում է հղի կնոջ կամ երեխայի ներկայությամբ:

Հերմինե Մկրտչյան

 

Դիտվել է՝