Ընտրված և չընտրված նախագահների պատկերացումները «նախագահական պալատի» մասին

obama-serzh-2

Նախագահական նստավայրի և կառավարության ղեկավարի աշխատավայրի հասցեները փոխվում են: Այլ կերպ ասած, այսօրվա նախագահական նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, դառնում է վարչապետի նստավայր:

Սա կարդալով՝ շատերի մտքով է նույն բանն անցնում, որ Ս. Սարգսյանին շատ է դուր եկել նախագահական նստավայրը, և նա ոչ մի կերպ չի ուզում հեռանալ Բաղրամյան 26-ից:

Վարչապետն ունենալու է նաև ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, հատուկ անձնական բժիշկ: Այսինքն, այն ամենն, ինչ այսօր ունի Սերժ Սարգսյանը:

Այսքանից հետո էլ ակամա մտածում ես, որ Ս. Սարգսյանն իսկապես գոհ է իր կարգավիճակից և ամեն գնով ցանկանում է պահել այն ամենը, ինչն ինքն իրենն է համարում և ոչ թե ժողովրդինը:

Այո, ցավալիորեն, սարգսյանական պատկերացումներով, «սեփականաշնորհված են» թե Բաղրամյան 26-ը, թե նախագահական ինքնաթիռը:

Դժվար է ասել՝ մինչև այս «համեստ» որոշումը կայացնելը Ս. Սարգսյանը քանի անքուն գիշերներ է անցկացրել Բաղրամյան 26-ի միջանցքներում՝ աշխատելով իր հայտնի «Բաղրամյան 26-ը սեփականաշնորհում եմ» հայտնի աշխատության վրա:

Մինչդեռ, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման «Սպիտակ տան մասին իր առաջին զգացմունքները» ֆիլմում (ֆիլմը ստորև) պատմում էր, որ ինքը երկար ժամանակ անքուն գիշերներ է անցկացրել՝ հարցնելով ինքն իրեն, թե ինչ է անում Սպիտակ տանը, ինչ առաքելությամբ է և երբ է հեռանալու. «Միշելը, ես և երեխաները գիտակցում ենք, որ այստեղ ենք բացառիկ առաքելությամբ, այն է՝ ծառայել ամերիկացի ժողովրդին»,- այսպես է սկսում իր խոհերը Օբաման:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրն առաջին գիշերն այս տանը մի փոքր անհանգիստ է անցկացնում: Սպիտակ տունը աշխարհում և Ամերիկայում ամերիկյան կյանքի խորհրդանիշն է, և այդ առումով այն միտքը, որ քո առաջին գիշերն է այս տանը, մի փոքր ճնշող է:

Գիշերն արթնանում ես և ինքդ քեզ հարց տալիս՝ ի՞նչ եմ անում ես այստեղ: Ու չնայած այն փաստին, որ դու ապրում ես այս տանը, ամեն օր չես դադարում զգալ, որ սա պատմական վայր է, որը պատկանում է ժողովրդին ու պետությանը»:

Կարելի՞ է նույնը ասել Բաղրամյան 26-ի մասին

Ցավալիորեն, Ս. Սարգսյանն իրեն Բաղրամյան 26-ում ժամանակավոր բնակիչ չի համարում: Թերևս ինչ-որ տրամաբանություն կա այստեղ. ի վերջո, Օբամային Սպիտակ տանն ապրել լիազորել էր ժողովուրդը: Իսկ ո՞վ է արդյոք լիազորել Ս. Սարգսյանին: Ս. Սարգսյանը ՀՀ քաղաքացուց նախագահական աթոռ և վստահություն չի ստացել, և «զոռբայությամբ» ձեռք բերվածը Ս. Սարգսյանը գերադասում է նույն կերպ պահել և ոչ թե հանձնել ժողովրդին:

Օբաման ասում էր, որ չի կարող իրեն հարմարավետ զգալ Սպիտակ տանը, իսկ Սարգսյանը, պարզվում է, Բաղրամյան 26-ում գտել է իսկական հարմարավետություն:

«Քանի դու այս տանն ես, դու առաջին ընտանիքի մի մասն ես, բայց երբ ժամկետդ լրանում է, նորից դառնում ես սովորական քաղաքացի: Այս գիտակցումն իմ կարծիքով համեստացնում է մարդուն և միևնույն ժամանակ չափազանց գոհացնում, քանի որ այն հիշեցնում է, որ սա է ժողովրդավարությունը, և որ բոլորն այս տանը ժամանակավոր են: Եվ դու պարզապես քո այստեղ գտնվելու ընթացքում անում ես առավելագույնը ծառայելու քո ժողովրդին»,- ասում էր Օբաման:

Հենց այդ գիտակցումով էլ Օբաման հեռացավ՝ ժպիտով, իր պարտականություններից թեթևացած:

Ս. Սարգսյանի պարագայում այս խոսքերը թերևս մի փոքր այլ կերպ կարելի է վերաձևակերպել.

«Քանի դու այս տանն ես, դու առաջին ընտանիքի մի մասն ես, իսկ երբ ժամկետդ լրանում է, դու նոր Սահմանադրությամբ ստանում ես նոր ժամկետ կառավարման: Սա չափազանց գոհացնում է քեզ, որովհետև դու սպանել ես ժողովրդավարությունը քո երկրում դեռ 2008թ.-ին: Եվ այստեղ գտնվելու ընթացքում անում ես առավելագույնը՝ շարունակելու ավելի երկար գտնվել այստեղ»:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝