Տուն, ամառանոց, ինքնաթիռ և ուղղաթիռ. վարչապետի և նախագահի սոցիալական նոր երաշխիքները

новый коллаж

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների նոր նախագիծ, որով տրամադրվում են 2018թ.-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի, վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները:

Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի և կառավարության ղեկավարի աշխատավայրի հասցեները փոխվում են: Այլ կերպ ասած, այսօրվա նախագահական նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, դառնում է վարչապետի նստավայր:

Իսկ նախագահական նստավայրը կլինի Մաշտոցի պողոտա 47 հասցեում: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:
Նախագահը և վարչապետը կունենան ծառայողական առանձնատուն Երևանում՝ Ձորափի փողոցում՝ իրար հարևանությամբ՝ վարչապետը 74, 3-րդ մասնաշենք, իսկ նախագահը՝ 74, 4-րդ: Երկուսն էլ կունենան ամառանոց Սևանում:

 Հոդված 7.1. Հանրապետության նախագահի աշխատակազմը

Այս հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը չպետք է գերազանցի 180-ը: Ներկայում այն մոտավորապես 350-ի է հասնում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

 Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը 

1.Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են՝

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երևանում՝ համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: 

Հոդված 7.5. Վարչապետի աշխատակազմը 

Նոր փոփոխություններով մեծանում է վարչապետի աշխատակազմը, այն կհասնի մինչև 600-ի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը 

Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են՝

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում՝ համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝