Չհաջողված խորհրդարանական լսումներ. ինչպե՞ս է իշխանությունը պայքարում գնաճի դեմ

serj

Սերժ Սարգսյանի հանձնարարականով գնաճի «զսպմանն» ուղղված քայլերին զուգահեռ մասնագետները շարունակում են բարձրաձայնել, որ գնային բարձրացումները շարունակական բնույթ են կրում, և որ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալները, թե գնաճը հայաստանյան շուկայում կազմում է 2,6 տոկոս, մեղմ ասած, շատ հեռու են իրականությունից:

Եվ այսպես, միայն վառելիքի շուկայում այս ամսվա ընթացքում երկու անգամ գնային բարձրացում տեղի ունեցավ, թանկացան դիզելային վառելիքն ու բենզինը: ՏՄՊՊՀ-ն մոտ մեկ ամիս է շարունակում է հաշվարկներ իրականացնել՝ պարզելու, թե տարեսկզբից դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված բնական գազի շուկաներում արձանագրված գնային փոփոխությունները համահունչ են արդյոք հարկային դրույքաչափերի փոփոխություններին, քանի որ շատ են պնդումները, թե գնաճը կամայական բնույթ է կրել, որովհետև հազիվ թե նախկինում ներմուծված բենզինն արդեն սպառվել է, և բոլոր մատակարարները ստիպված են եղել հունվարի 1-ին նոր խմբաքանակ ներմուծել՝ մաքսազերծելով նոր դրույքաչափերով:

Առաջնային սպառման ապրանքատեսակները ևս շարունակում են թանկանալ, ինչը, սակայն, իշխանության ներկայացուցիչների բնորոշմամբ, մտահոգիչ չէ, քանի որ հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև ՌԴ-ում գնաճն ավելի մեծ չափերի է հասնում:

Չհաջողված խորհրդարանական լսումներ

Իշխանական շրջանակներն օրեր շարունակ թմբկահարեցին Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնել ու գտնել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետևանքով թանկացել են: Կայացած այդ լսումների ընթացքում պարզ դարձավ, որ Ս. Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն ընդունում, որ գնաճը խնդիր է, այլ գտնում են, որ այն կառավարելի է: Ավելին, այդ լսումներն առիթ դարձան, որպեսզի հանրապետական պատգամավորները գնաճը մեղմելու համար տարբերակներ առաջարկելու փոխարեն փորձեն արդարանալ, թե հարևան երկրներում գնաճն ավելի բարձր մակարդակ ունի, սակայն բողոքողներ չկան, և որ Հայաստանում արհեստականորեն գնաճը զսպելը կբերի տնտեսական վատ հետևանքների: Գտան, որ լավագույն տարբերակը գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի գնի սուբսիդավորումը կարող է լինել: Քննարկումների ընթացքում միակ խոստումը եղավ այն, որ գյուղացիական տնտեսությունների համար թանկացած դիզվառելիքը կսուբսիդավորվի: Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պնդելով, թե ուսումնասիրել են շուկան ու վստահ են, որ դիզվառելիքի գնի բարձրացումը գյուղացիական ապրանքների ինքնարժեքի վրա չնչին տոկոսով կարող է ազդել:

Գնաճի մեղմման ուղղությամբ գործնականում ոչինչ չի արվել

Պարզ է, որ գնաճն առաջին հերթին ազդում է բնակչության աղքատ խավի վրա, քանի որ առանց այն էլ քիչ եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները գնաճի պայմաններում անհամեմատ շատ են ծախսում, բայց քիչ կարիքներ հոգում: Նվազագույն պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքների մեծ մասը թանկացել է, իսկ դրանում միայն այն մթերքներն են ներառված, որոնցով մարդը պարզապես իր ֆիզիկական գոյությունը կարող է ապահովել:

Իշխող Հանրապետականը, սակայն, որոշել է օրենսդրական մի նախաձեռնությամբ հանդես գալ, որի արդյունքում ուղևորափոխադրումների դրույքաչափերը պետք է իջնեն: «Ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջնեն, և ավելորդ բեռ այդ դրույքաչափերի վրա չի լինի, այսինքն՝ տրանսպորտային փոխադրողների հարկային բեռը կիջնի»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հետաքրքիր է սակայն, թե այդ փոփոխությունն ինչ է տալու հասարակ սպառողին՝ աղքատ քաղաքացուն, ով ամեն օր իր մաշկի վրա զգում է գնաճի վատ հետևանքները, օրեցօր կրճատում սպառողական զամբյուղի ծախսերը:

Նորմալ երկրներում գնաճի մեղմման լավագույն տարբերակ համարվում է բնակչության եկամուտների ավելացումը՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացման տեսքով: Հայաստանում սակայն որոշել են գնաճի դեմ «պայքարել» այնպիսի մասնակի քայլերով, որոնց ազդեցությունը հասարակ սպառողն իր վրա չի էլ զգալու:

Հայաստանում դեռևս նոր են սկսել ուսումնասիրել ու կարիքի գնահատում կատարել, թե ինչպիսին է եղել գնաճի ազդեցությունն աղքատ խավի վրա, սակայն չկա որևէ հավաստիացում, որ դրանց արդյունքում պետությունն ինչ-որ գործնական քայլերի կգնա:

Ապրիլյան վերադասավորումների ֆոնին Սերժ Սարգսյանի պոպուլիստական հայտարարություններն ու ոչ առարկայական ձեռնարկները թերևս լավ հասկանալի են հայ հասարակությանը: Ստեղծել տպավորություն, որ ամենավերին օղակներում խիստ մտահոգված են գնաճի դրսևորումներով, սակայն իրականում ոչինչ չանել: Սա իշխող Հանրապետականի գործունեության հիմնական բաղկացուցիչն է:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝