Բանակի «սարգսյանական արդիականացումը»

47869

Բանակի օրվան ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը հանձնվել է Սերժ Սարգսյանին: Եվ ծրագիրը, որը խոստանում է «թռիչքաձև զարգացում» և ՀՀ զինված ուժերը «պետք է հասցնի նոր ու բացառիկ մակարդակի», գոնե հանրության մեծ մասի համար շարունակում է մնալ անհայտ բովանդակությամբ փաստաթուղթ:

Բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի հեղինակը Ս. Սարգսյանն է: Համենայնդեպս, այս գաղափարի մասին առաջինը նա է բարձրաձայնել անցած տարի հոկտեմբերի 27-ին՝ հայտարարելով, որ «խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում»:

Ս. Սարգսյանը հայտարարեց, որ պետք է շարժվել առաջանցիկ տեմպերով, և հատուկ ընդգծեց, որ ծրագիրն ինքն է հեղինակել:

«Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր 7-ամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»,- հայտարարել էր Սարգսյանը:

Արդիականացման ծրագիր պետք է, բայց ովքե՞ր են արդիականացնողները

Այն, որ արդիականացումն անհրաժեշտություն է, անվիճելի փաստ է: Սակայն պետք է այդ ծրագրի հեղինակները բացատրեն՝ ինչ են հասկանում, ինչով է պայմանավորված բանակի արդիականացումը: Պետք է նաև հաշվետվություն ներկայացնեն բանակի արդի վիճակի մասին, բացատրեն ու հիմնավորեն այդ վիճակից բխող բոլոր հետևանքները:

Պարզ ասած՝ Ս. Սարգսյանը պետք է բացատրի, թե ինչու է հեղինակում բանակի արդիականացման ծրագիր իր պաշտոնավարման ժամկետի ավարտին, երբ այդ հնարավորությունն ուներ ավելի քան 10 տարի շարունակ: Պետք է նաև հիմնավորել, որ իր պաշտոնավարումն ավարտող Ս. Սարգսյանն իրոք այն անփոխարինելի «ռազմավարն» է, ով կարող է իրեն իրավունք վերապահել առանց որոշ մանրամասներ հանրայնացնելու երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր հանդիսացող Զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիր մշակել:

Չէ՞ որ, ի վերջո, Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում էր, որ հայկական կողմն ունեցավ ինչպես մարդկային մեծաթիվ կորուստներ, այնպես էլ տարածքային կորուստներ: Հիմա թե ինչու է Ս. Սարգսյանն իրեն վերապահում բանակի արդիականացման ծրագրի հեղինակի և մեկնարկը տվողի դերը, թերևս մեկ բացատրություն ունի, որ այստեղ ծրագիրն այնքան էլ էական չէ:

Կարևորը ծրագիրը չէ, այլ ծրագիր գրողը

Ս. Սարգսյանը ոչ միայն շեշտում է, որ ծրագրի հեղինակն է, այլ որ ինքը մասնակից է լինելու այդ ծրագրի իրագործմանը որպես գլխավոր հրամանատար: Մինչդեռ Ս. Սարգսյանի՝ որպես գլխավոր հրամանատար գործելուն շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ ՀՀ նոր սահմանադրությունը խորհրդարանական կառավարման համակարգում խաղաղ պայմաններում չի ենթադրում գերագույն գլխավոր հրամանատարի առկայություն, և այդպիսին կարող է լինել վարչապետը՝ անհրաժեշտության դեպքում:

Այնպես որ, այստեղ էականը ոչ այնքան ծրագիրն է, որքան այն, որ բանակն արդիականացնողն ինքն է լինելու՝ Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնում:

Այս տրամաբանությամբ, թերևս, Սարգսյանը հիշատակում է նաև իր պաշտոնավարման «նշաձողը»:

Հիշենք, խոսքը յոթամյա ծրագրի մասին է, իսկ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքն է լինելու այդ ծրագրի իրականացնողը գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում:

Ո՞րն է, ի վերջո, «սարգսյանական արդիականացումը»

Սերժ Սարգսյանի գաղափարները փաստաթղթի վերածողները դեռևս չեն շտապում գաղտնազերծել «խորհրդավոր ծրագիրը»:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը մոտ երկու ամիս առաջ միայն ընդհանուր ուղղությունները մատնանշելով՝ հայտարարեց, որ ծրագիրն ունենալու է յոթ ուղղություն, և որ զինծառայողներին առնչվող վերջին երկու օրենսդրական փոփոխությունները ևս 7-ամյա արդիականացման ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝