Ժողովրդագրությունը և կենսամակարդակը ՀՀ-ում, Վրաստանում, Ադրբեջանում

4579011383834215

Հայաստանում միջին և նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների առումով վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում ու Ադրբեջանում: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն՝ արդարացնելով Հայաստանի իշխանությունների կողմից վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում և Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս պահին գրեթե նույն մակարդակի վրա է, տարբերությունը շատ փոքր է:

Հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր հարցերի վերաբերյալ իրենց պատասխանները կառուցելիս պարբերաբար են դիմում համեմատությունների այս մեթոդին: Օրերս նման կերպ բենզինի գնի թանկացումը բացատրեց նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ զարմանալով, թե ինչու են դժգոհ Հայաստանում բենզինի գների բարձրացումից, այն դեպքում, երբ Վրաստանում էլ գները գրեթե այդքան են:

Հիմա փորձենք համեմատել այս երեք երկրներում անհատական վճարումներն ու գները:

Կենսաթոշակը և աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում

Հայաստան – նվազագույն կենսաթոշակ 62 .76 ԱՄՆ դոլար՝ 30 հազար դրամ

Ադրբեջան – նվազագույն կենսաթոշակ 110 մանաթ 62.80 ԱՄՆ դոլար՝ 30 հազար դրամ

Վրաստան - նվազագույն կենսաթոշակ 180 լարի 70 ԱՄՆ դոլար՝ 33.460 դրամ

Տարեց քաղաքացիների առումով իսկապես վիճակը երեք երկրներում գրեթե նույնական է՝ չնչին տարբերություններով: Իշխանությունների քաղաքականությունն այս առումով Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում նույնն է:

Նվազագույն աշխատավարձի առումով ևս տարբերությունն էական չէ: Միջին աշխատավարձը մի փոքր տարբերվում է. Ադրբեջանում ցածր է, իսկ Վրաստանում ավելի բարձր, քան Հայաստանում:

Հայաստան – միջին աշխատավարձը 388 ԱՄՆ դոլար՝ 188 հազար դրամ

Վրաստան – միջին աշխատավարձը 430 ԱՄՆ դոլար՝ 208 հազար դրամ

Ադրբեջան – միջին աշխատավարձը 288 ԱՄՆ դոլար՝ 140 հազար դրամ

Սակայն տարբերությունները խիստ ընդգծված չեն:

Հիմա փորձենք համեմատել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գնային տարբերությունները:

Կյանքը թանկ է Հայաստանում

Համեմատության համար վերցնում ենք 3 կարևոր ապրանք՝ հացը (ալյուր), գազը, բենզինը:

Ալյուր

Ադրբեջանում 50 կգ-ոց ալյուրի պարկի արժեքը չի գերազանցում 15 դոլարը:

Վրաստանում մի փոքր այդ թիվը մեծ է, 50 կգ-ոց ալյուրը վաճառվում է 16.8 դոլարով:

ՀՀ-ում հացն ամենաթանկն է՝ 50 կգ-ոց ալյուրի ներկա շուկայական գինը մոտավորապես 22 դոլար է:

Գազը

Ադրբեջանում գազի մեկ խորանարդ մետրը 57 ԱՄՆ դոլար է, Վրաստանում 206 դոլար է, Հայաստանում՝ 292 դոլար:

Բենզին

Ադրբեջանում բենզինի մեկ լիտրը 0,52 դոլար է, Վրաստանում՝ 0.76 դոլար, Հայաստանում՝ 0.9 դոլար:

Փոքրիկ այս համեմատությամբ պարզվում է, որ կյանքը թանկ է Հայաստանում: Այսինքն, Հայաստանի բնակչի վճարումների գներն են ավելի բարձր:

Մեկ կարևոր տարբերություն ևս առկա է. ժողովրդագրական վերջին ցուցանիշների համեմատությունը, որը հրապարակվել է ՀՀ ԱՎԾ կայքում:

Եթե ընդունենք, որ կենսամակարդակն այս երեք երկրներում հավասար մակարդակի վրա է կամ մոտ է, այդ դեպքում անհասկանալի են ժողովրդագրական իրավիճակների ընդգծված տարբերությունները: Այսպես, Հայաստանում նկատվել է բնակչության թվաքանակի նվազում, Ադրբեջանում և Վրաստանում՝ աճ:

Ժողովրդագրություն

Ամենավերջին պաշտոնական տվյալներով՝ 2017թ.-ի առաջին 9 ամիսներին ՀՀ բնակչության թիվը պակասել է ևս 14 հազարով 2016թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:

Եվ այսպես.

Հայաստան

2014թ.-ին և 2015թ.-ին, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ մշտական բնակչության թիվը 3 մլն-ի շրջանակներում է եղել, 2017թ.-ի 9 ամիսների տվյալներով՝ 2.979.600 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.993.900-ի համեմատ:

Ադրբեջան

Ի տարբերություն Հայաստանի՝ պաշտոնական վիճակագրության տվյալներով Ադրբեջանում բնակչության աճ է նկատվում: 2014թ.-ին մշտական բնակչությունը 9.5 մլն է եղել, 2015-ին՝ 9.7 մլն, 2016-ին՝ 9.8 մլն:

Վրաստան

Վրաստանում մշտական բնակչության թվի աճն արտահայտվել է հետևյալ կերպ. 2014-ին՝ 3.7 մլն, 2015-ին՝ 3.8, 2016-ին՝ 4.0 մլն:

Բնակչության աճի կամ նվազման տենդենցները գնահատելիս երկու գործոն պետք է հաշվի առնել՝ միգրացիան և բնական աճը: Այս երկու գործոնների վրա էլ ոչ ամբողջությամբ, բայց իրենց ազդեցությունն են թողնում նաև կենսամակարդակը, սոցիալական պայմանները, այդ թվում՝ ամսական եկամուտներն ու ծախսերը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝