Ս. Սարգսյանի հավակնությունները բացառապես վարչապետի պաշտոնի շուրջ են

Serj

Հայաստանում անցած մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձությունները կարծես թե որոշակի իմաստով լույս են սփռում իշխանությունների քաղաքական օրակարգի և Հայաստանում՝ խորհրդարանական կառավարման համակարգում միանձնյա ղեկավարման օրենսդրական լուծումների վրա:

Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցը, Ստրասբուրգում ելույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստում վերջին երկու օրենսդրական նախագծերը կարծես թե հիմնավորում են այն տեսակետը, որ ՀՀ-ում նոր կառավարման համակարգում Ս. Սարգսյանի հավակնությունները բացառապես վարչապետի պաշտոնի շուրջ են:

Եվ չնայած փորձագետների շրջանում տարածված այն պնդումներին, թե 2015թ. սահմանադրական փոփոխություններն իրականում Սարգսյանի՝ երկրի կառավարման ղեկն իր ձեռքում պահելու նկրտումներն ուներ, այնուամենայնիվ, դժվար էր կարծիք հայտնել, թե Սարգսյանը կշարունակի երկրի միանձնյա կառավարումը վարչապետի՞ պաշտոնից, թե՞ «կստեղծի» ստվերային թիվ մեկ պաշտոն իր համար, ասենք, կղեկավարի կուսակցապետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:
Դրանցից մեկի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին և հաշվետու չի լինի ոչ խորհրդարանին և ոչ էլ նախագահին:

Մինչդեռ այժմ ՀՀ ոստիկանությունը համարվում է կառավարությանն առընթեր մարմին, և գործող օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանապետին և տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը:

Ըստ նախագծի՝ ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակում է ոստիկանության պետը, ոստիկանության պետին նշանակում և ազատում է վարչապետը:
Այսինքն, առանցքային փոփոխությունն այն է, որ ոստիկանությունը կառավարության առընթեր մարմնից դառնում է վարչապետին ենթակա մարմին:

Նախագծում ձևակերպված է նաև, որ այսուհետ ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների առավելագույն թվաքանակը ևս սահմանում է վարչապետը:
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են կառավարությունը և վարչապետը:

Նախագծում այլ ուշագրավ կետեր ևս կան, օրինակ, կարդում ենք.

«Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը: Ոստիկանության զորքերի հրամանատարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը»:

Ստացվում է՝ առանց վարչապետի չի լուծվում անգամ ոստիկանության զորքերի հրամանատարի և տեղակալների նշանակման կամ ազատման հարցերը: Մի փոքր ավելի մեղմելու համար այս իրավիճակը նախագիծը շարադրում է, որ այդ հարցին կարող են մասնակից լինել նաև նախագահն ու ոստիկանապետը:

Ազգային անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը

Հաջորդ կարևոր օրենսդրական լուծումը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նոր նախագիծն է։

Այն երեկ ՀՀ կառավարության նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Անվտանգության խորհուրդը գործող օրենքով խորհրդատվական մարմին է, որի նախագահը հենց Սերժ Սարգսյանն է:

Օրենսդրական նոր լուծումով ԱԱԽ-ը դառնում է պետական մարմին, որը կղեկավարի վարչապետը: Նոր Սահմանադրությամբ անվտանգության խորհրդի առաքելությունն է սահմանված: Խորհուրդը թելադրող է համարվում նաև ՀՀ պաշտպանության ոլորտի համար, սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականությունը:

Այս բաղադրիչը կարևոր է այնքանով, որ ապագա վարչապետը ոչ միայն իր ձեռքում է կենտրոնացնելու ուժային ռեսուրսները, ոչ միայն ինքն է անձամբ ղեկավարելու անվտանգության խորհուրդը, այլև տիրապետելու է նաև պաշտպանական ոլորտի լծակներին:

Գումարած այս ամենին՝ նախատեսվում են փոփոխություններ նաև անվտանգության խորհրդի կազմում։

Ինչպես ասացինք, այն ղեկավարելու է նոր վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են լինելու փոխվարչապետները, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, արտաքին գործերի նախարարը, ԱԽ քարտուղարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը:

Վերջում հավելենք, ըստ նոր սահմանադրության, վարչապետին ենթակա մարմիններն են՝

1) Ազգային անվտանգության ծառայությունը,

2) Ոստիկանությունը,

3) Պետական պահպանության ծառայությունը,

4) Պետական վերահսկողական ծառայությունը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝