ՀՀ առաջին երեք պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերի հետքերով

nk

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ խոսել են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը թափանցիկ դարձնելու, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին:

Քայլ առ քայլ 500-ից 2200 անձ էր դառնալու հայտարարատու: Համենայնդեպս այսպես էր հավաստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նախորդ տարի ԱԺ-ում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, այդ թվում՝ կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որ այս ցանկում ներառված չլինելով՝ ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացում կամ այլ, այսպես կոչված, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մեջ: Հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություն՝ այդ անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ»,- իր հերթին հայտարարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության նիստի ժամանակ:

Որպեսզի ավելի արդյունավետ լիներ պայքարը, ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին: Սահմանվեց ապօրինի հարստացման քրեականացման կարգ և այլն:

Մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը շարունակում են մնալ թերի:

ԳԱԼԱ-ն տեղեկատվության ստացման երեք հարցում է պատրաստել, որոնք կուղարկվեն ՀՀ առաջին երեք դեմքերին և, իհարկե, կոռուպցիայի կանխարգելման հարցերով զբաղվող մարմիններին, որպեսզի այս պաշտոնյաների հայտարարագրերը դառնան ուսումնասիրության առարկա, փորձեն պարզել՝ ինչպե՞ս են հարստացել այդ պաշտոնյաները: Արդյոք հարստացումն ավելի արագ չի եղել, քան կարող էր լինել նրանց ստացած աշխատավարձերով:

Տեղեկատվության ստացման հարցում՝ ուղղված Սերժ Սարգսյանին

2013 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում մատնանշված է մեկ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և որպես շարժական գույք՝ MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մարդատար տրանսպորտային միջոցը:

Հարցմամբ փորձել ենք պարզել, թե 2008-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ ունի՞ արդյոք ձեռք բերված այլ գույք (շարժական կամ անշարժ): Եթե այո, խնդրել ենք մատնանշել գույքի անունը և համառոտ հատկանիշները, շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը և ձեռք բերված գույքի արժեքը:

Հարցրել ենք նաև՝ ունի՞ արդյոք արժեթղթեր և այլ ներդրումներ՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ սկսած 2008 թվականից:serj

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013 թվական) դրամական միջոցների մասին տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանն ունեցել է 116.300.000 մլն ՀՀ դրամ:

2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ հանձնած կամ վերադարձրած փոխառության չափ նշված է 116.300.000 մլն ՀՀ դրամ: Տրված փոխառության դիմաց ստացված եկամուտը փոխառության դիմաց ստացված տոկոսի տեսքով կազմել է 10.925.535.60 ՀՀ դրամ:

Սարգսյանին հարցնում ենք, թե ինչ աղբյուրներից են գոյացել իր դրամական միջոցները, եթե 2016-ին աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է մոտ 8 մլն ՀՀ դրամ:

Եթե կան այլ եկամտի աղբյուրներ, խնդրել ենք մատնանշել:

Առաջին տիկինն ունի 17.950.000 մլն ՀՀ դրամ դրամական միջոց և փոխառության դիմաց ստացված եկամուտ (տոկոս)՝ 12.467.380.30 մլն ՀՀ դրամ (2016 թվական):

Հստակեցման կարիք կա, թե Ռիտա Սարգսյանի դրամական միջոցներն ինչ աղբյուրներից են գոյացել:

Տեղեկատվության ստացման հարցում՝ ուղղված Արա Բաբլոյանին

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2017 թ.) նշված է, որ Բաբլոյանն ունի սեփականություն՝ անհատական բնակելի տուն, հողին ամրակայված այլ անշարժ գույք, հողամասեր՝ տասը տարբեր հասցեներում գտնվող:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա կողմից փոխառության հանձնված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25 մլն ՀՀ դրամ և 31.300 ԱՄՆ դոլար:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21 մլն 543 հազար դրամ, 17.250 ԱՄՆ դոլար, 9500 եվրո և 7000 շվեյցարական ֆրանկ:

Արա Բաբլոյանի աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներն ընդհանուր կազմել են ավելի քան 12 մլն դրամ:

Խնդրել ենք մեզ տեղեկություն տրամադրել, թե ինչ աղբյուրներից են գոյացել դրամական միջոցները: Եթե Բաբլոյանների ընտանիքն ունի եկամտի աղբյուրներ, խնդրում ենք մատնանշել:bab

Բավականին ուշագրավ են ԱԺ նախագահի կնոջ հայտարարագրերը՝ տարբեր տարիներին: Օրինակ՝ 2016 թվականին ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ Մանուշակ Վահանի Երիցյանի կողմից հարկային տարում ձեռք բերած բաժնեմասի արժեքն է շուրջ 830 մլն ՀՀ դրամ:

Փոխառության չափը հարկային տարվա վերջում կազմել է 245 մլն ՀՀ դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա վերջում (2016 թ.) կազմել են 335 մլն 371 հազար դրամ և 12.000 դոլար: Նրա եկամտի չափը 2016-ին կազմել է ավելի քան 217 մլն ՀՀ դրամ:

Հարցմամբ փորձել ենք պարզել, թե ինչ աղբյուրներից են գոյացել Մանուշակ Երիցյանի դրամական միջոցները, երբ նա աշխատանքի դիմաց 2016 թվականին վարձատրվել է մոտ 10 մլն ՀՀ դրամի չափով:

Տեղեկատվության ստացման հարցում՝ ուղղված Կարեն Կարապետյանին

ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացված վերջին հայտարարագրի համաձայն (2017 թ.)՝ Կարապետյանն ունի չորս բնակարան և մեկ ամառանոց, LEXUS LX 470 տրանսպորտային միջոց, ինչ-որ ընկերությունում 50 մլն ՀՀ դրամ արժողությամբ բաժնեմասի է տիրապետում: Ունի նաև 8 մլն ՀՀ դրամը գերազանցող երեք ժամացույց:

Կարապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 112 մլն ՀՀ դրամ, 3 մլն 630 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 55 մլն ռուսական ռուբլի:karen

Կարեն Կարապետյանից նախ փորձել ենք ճշտել՝ ինչո՞ւ չի ներկայացրել զավակների եկամուտների մասին հայտարարագիր, քանի որ մամուլում կան տեղեկություններ, որ նրանք են ղեկավարում Կարապետյանի բիզնեսները: Խնդրել ենք հստակեցնել՝ ո՞ր ընկերություններում ի՞նչ բաժնեմաս ունի Կարապետյանների ընտանիքը:

Հետաքրքրական է նաև, թե ՀՀ վարչապետը Հայաստանում ունի՞ արդյոք ձեռք բերված գույք (շարժական կամ անշարժ):

Նկատենք, որ Կարապետյանի կնոջ ունեցվածքը ևս բավականին պատկառելի է՝ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, 1 մլն եվրո, ավելի քն 6 մլն ՀՀ դրամ և 21 մլն 400 հազար ռուբլի:

Հարցմամբ փորձել ենք հստակեցնել՝ ի՞նչ աղբյուրներից են գոյացել Աստղիկ Կարապետյանի դրամական միջոցները, ինչո՞վ է զբաղվում նա:

Արմենուհի Վարդանյան

 

Դիտվել է՝