«ԱՆփող» ապրելու հայկական ֆենոմենը

arm149370976758

Երեկ պաշտոնական վիճակագրությունը հերթական անգամ փաստեց, որ 2017թ. տնտեսական աճը 6.7 է եղել կանխատեսված 4.3 տոկոսի փոխարեն:

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար է: 2017թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: 

Չնայած տնտեսական աճին՝ 2017թ.-ի ընթացքում ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին ի վիճակի չի եղել փակելու սպառողական զամբյուղի ծախսերը, որը պաշտոնական թվերով 56 հազար դրամի սահմաններում է:

Նշենք, որ սպառողական զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է:

ՀՀ քաղաքացու եկամուտը

Պարզ հաշվարկներով փորձենք հասկանալ, թե միջին վիճակագրական քաղաքացու եկամուտը տալի՞ս է այդ հնարավորությունը՝ փակելու նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը: Եվ եթե ոչ, ապա ո՞ր ծախսերն են դուրս մնում:

Վերցնում ենք միջին կարգի ընտանիք՝ չորս հոգանոց, որտեղ ընտանիքի անդամներից երկուսն աշխատում են, երկուսն անչափահաս են: Եվ զուգահեռ վերցնում ենք միջին վիճակագրական թոշակառու, ով ունի ՀՀ-ում ընդունված միջին կենսաթոշակի չափով եկամուտ՝ 40 հազար դրամ:

Թոշակառու. ՀՀ-ում բոլորը չէ, որ 40 հազար դրամի չափով թոշակ են ստանում, մեծաթիվ են նաեւ նրանք, որոնց կենսաթոշակը տատանվում է 28-40 հազար դրամի սահմաններում: Բայց 40 հազար դրամը ՀՀ-ում ընդունված թոշակի միջին չափն է:

Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ 40 հազար դրամ թոշակով հնարավոր չէ հոգալ 56 հազար դրամ արժեցող նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը: Առնվազն 16 հազար դրամ պակասում է ՀՀ թոշակառուին:

Ընտանիք. ընդունենք, որ ընտանիքն ապրում է ՀՀ երկրորդ քաղաքում: Ընտանիքում չափահաս երկուսն աշխատում են, իսկ սա նշանակում է, որ չեն օգտվում սոցիալական ծրագրերից:

Ըստ պաշտոնական թվերի՝ ՀՀ երկրորդ քաղաքում միջին աշխատավարձը տատանվում է 100 հազար դրամի սահմաններում: Այսինքն՝ ընտանիքի եկամուտը 200 հազար դրամն է, ինչով դարձյալ հնարավոր չէ հոգալ սպառողական զամբյուղի ծախսերը չորս հոգու համար:

Իսկ եթե ընտանիքում աշխատում է մեկ անձ եւ վճարվում, ասենք, ՀՀ-ում բարձր համարվող 180.000 դրամով, ապա յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում 45.000 դրամ:

Սպառողական զամբյուղ

Սպառողական զամբյուղը ՀՀ-ում 2012թ.-ից հետո գրեթե անփոփոխ է՝ 55-56 հազար դրամի սահմաններում է տատանվում:

Ներկայացնենք՝ ըստ պաշտոնական վիճակագրության.

2010 թվական- 43.500 դրամ

2011թվական- 53. 288 դրամ

2012 թվական – 55. 327 դրամ 

2013 թվական- 56.421 դրամ

2014 թվական - 56.600 դրամ 

2015 թվական – 55 394 դրամ

2016 թվական- 55.075.3 դրամ

2017թվական -56.918.7 դրամ

Սպառողական զամբյուղը հաշվարկվում է պարենային զամբյուղի ցուցանիշը բազմապատկելով 1.77 գործակցով (հիմք է ընդունվել այն դիտարկումը, որ հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար նվազագույնն անհրաժեշտ է սննդամթերքի վրա ծախսվող գումարի 77%-ը):

Սպառողական զամբյուղը = պարենային զամբյուղ + ոչ պարենային ապրանքներ, որոնց մեջ մտնում է նաեւ դեղորայքը, հագուստը, կոշկեղենը, կոմունալ ծառայությունները եւ այլն:

ՀՀ քաղաքացիների մեծ մասը մի կերպ կարողանում է փակել պարենային զամբյուղի ծախսերը եւ խնայում է հիմնականում ոչ պարենային ծախսերի հաշվին՝ հագուստ, դեղորայք, կոշկեղեն, քանի որ կոմունալ ծախսերից խնայել հաստատ չի հաջողվի:

Պարենային զամբյուղ

Նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի՝ ներառելով սննդամթերքների այնպիսի ցանկ եւ քանակություն, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2017թ. 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 32.157.5 դրամ։

ԳԱԼԱ-ի սեփական հաշվարկներով այս թիվը մի փոքր ավելի մեծ է՝ մոտավորապես 37 -38 հազար դրամ՝ կախված գնային տատանումներից:

Պարենային զամբյուղը մեկ անձի հաշվով՝ 37- 38 հազար դրամ

Հաց - օրը 250 գ, ամսական 7.5 կգ, ամսական 3500 դրամ

Ալյուր - օրը 20 գ, ամսական 600 գրամ, ամսական 250 դրամ

Մակարոն – օրը 15 գ, ամսական 450 գ, ամսական 250 դրամ

Ձավար, բրինձ – օրը 50 գ, ամսական 1.5 կգ ամսական 1200 դրամ

Լոբի - օրը 20 գրամ, ամսական 600 գրամ, ամսական 900 դրամ

Միս - օրը 100 գ, ամսական 3 կգ, ամսական 10.500 դրամ

Կաթ - օրը 200 գ, ամսական 6 լ, ամսական 2400 դրամ

Կաթնաշոռ - օրը 10 գ, ամսական 300 գ, ամսական 600 դրամ

Յուղ - օրը 20 գ, ամսական 600 գրամ, ամսական 2500 դրամ

Պանիր – /2000 դրամ/ օրը 25 գր, ամսական 750 գր, ամսական 1500 դրամ

Կարտոֆիլ – /250 դրամ/, 250 գր, ամսական 7.5 կգ, ամսական 1500 դրամ

Բանջարեղեն – /կաղամբ, գլուխ սոխ/ օրը 300 գր,ամսական 9 կգ 2700 դրամ

Միրգ - /խնձոր/ օրը 200 գր, ամսական 6 կգ, ամսական 4.200 դրամ

Շաքար - օրը 50 գրամ, ամսական 1.5 կգ, ամսական 750 դրամ

Ձու – /50դ/, օրը կես ձու, ամսական 15 ձու, ամսական 750 դրամ

Բուսական յուղ - օրը 20 գր, ամսական 700 գրամ, ամսական 500 դրամ

Մարգարին - օրը 10 գր, ամսական 300 գրամ, ամսական 350 դրամ

Ձուկ - օրը 30 գր, ամսական 900 գր, ամսական 2000 դրամ

Այլ հարց է, որ կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված այս ցանկի հետ: Օրինակ, ոմանց համար տարօրինակ կարող է թվալ այն, որ ՀՀ քաղաքացուն օրական բաժին է հասնում կես ձու կամ ամսական 900 գրամ ձուկ, ամսական 600 գրամ լոբի կամ ամսական 300 գրամ կաթնաշոռ:

Բայց խնդիրն այն է, որ եթե քաղաքացու եկամտից (40 հազար թոշակ) հանենք պարենային ծախսերը (37.000), ապա մնացած գումարով պետք է հոգալ ոչ սպառողական ծախսերը՝ կոմունալ ծախսեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք, նվերներ, ծառայություններ (վարսավիրանոց), մշակութային ծախսեր (թատրոն, կինո), հյուրերի ընդունում-ճանապարհում եւ այլն, եւ այլն:

ՀՀ քաղաքացին ինչպես է գոյատեւում՝ առեղծված է: Դեռ մի բան էլ պետական վիճակագրությունն արձանագրում է տնտեսական աճ:

 

Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝