Սերժ Սարգսյանի հարուստ կենսափորձով թեկնածուն

armen sargsyan

Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է ՀՀ չորրորդ նախագահի իր թեկնածուին՝ շրջանցելով ՀՀ Սահմանադրության առանցքային մի քանի կետեր: Չնայած նրան, որ ՀՀ նախագահի պաշտոնը 2018թ.-ի ապրիլից կառավարման համակարգում զուտ ներկայացուցչական պաշտոն է համարվում, և երկրի թիվ մեկ պաշտոնը համարվում է ՀՀ վարչապետինը, այնուամենայնիվ, Ս. Սարգսյանը համարում է, որ նախագահի պաշտոնը պետք է վստահել վերահսկելի անձնավորության, և ամենակարևորը՝ պետք է լինի Ս. Սարգսյանի նախընտրելի թեկնածուն:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

 ՀՀ Սահմանադրություն. Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

Ի տարբերություն 2005թ.-ին ընդունված Սահմանադրության՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումն ու ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորումը նախագահի լիազորությունների մեջ շարադրված չեն: 

 Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

1.Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

2.Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

3.Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ նախագահին ներկայացվող պահանջներից է այն, որ չպետք է զբաղեցնի պետական որևէ պաշտոն և չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Հոդված 124. 3 մաս. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Ս. Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածուն պետական պաշտոնյա է, Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ:

Ինչ մնում է Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեությանը, ապա նա այս առումով հարուստ կենսագրական փորձ ունի:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից նա գնել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, հանդիսանում է բաժնետեր քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում, Ամուլսարի ոսկու հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը կարողացել է լուրջ կապեր ձեռք բերել միջազգային ասպարեզում, համարվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները:

 ՀՀ Սահմանադրություն.

Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը

1.Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

2.Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

3.Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

4.Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

1.Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

2.Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Ստացվում է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իրավունքը ոչ թե Ս. Սարգսյանինն է, այլ նրա թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝