Ս. Սարգսյանի նախընտրելի նախագահի թեկնածուն

28778_b

ՀՀ չորրորդ նախագահի ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Քիչ առաջ նրան Բաղրամյան 26-ում ընդունել է Սերժ Սարգսյանը և ներկայացրել իր թիմակիցներին՝ որպես նախագահի թեկնածու:

Հիշեցնենք, օրեր առաջ Ս. Սարգսյանը նոր ինտրիգ ստեղծեց այս անգամ նախագահի պաշտոնի շուրջ՝ փորձելով թերևս շեղել հանրության ուշադրությունը վարչապետի պաշտոնից, որը 2018թ. ապրիլից ՀՀ-ում կլինի երկրի թիվ մեկ պաշտոնը:

Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Սարգսյանն ինքն է ներկայացնելու ՀՀԿ կողմից առաջադրվող թեկնածուին:

Ս. Սարգսյանի պատկերացմամբ ՀՀ չորրորդ նախագահը հեռու է լինելու քաղաքականությունից, լինելու է հարգված անձնավորություն երկրի ներսում և երկրից դուրս, տիրապետելու է լեզուների:

Արմեն Սարգսյանը

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին:

1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում, 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:

1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Արմեն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերությունից: Դրանք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Grօup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:

Դիտվել է՝