«Դոկտոր» Սարգսյանի դեղատոմսերն օգնում են «արդյունավետ» տառապել մահվան մահճում

918468

Սերժ Սարգսյանի նախաապրիլյան ոչ պաշտոնական քարոզարշավը երկարատև դեգերումներից հետո երեկ հասավ շուկային ու «գնաճի մեղմման» քաղաքականությանը:

Մեկ անձի կառավարման վառ արտահայտությամբ Ս. Սարգսյանը բանակի արդիականացման ծրագրից, 2040թ.-ի 4 մլն-անոց Հայաստանի տեսլականից հետո շատ սահուն կերպով անցում կատարեց հայաստանյան շուկային ու աճող գներին, չնայած որ ընդամենը մեկ ամիս առաջ «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարում էր, որ գնաճ Հայաստանում չի սպասվում:

Երեկվա Ս. Սարգսյանի խորհրդակցությունն, այնուամենայնիվ, մի քանի կարևոր «խոստովանություններ» էր պարունակում:

Նախ, որ Սարգսյանը ստիպված եղավ հերքել ինքն իրեն՝ հայտարարելով գնաճի ու այն մեղմելու քաղաքականության մասին: Եվ ապա բացահայտ հայտարարեց, որ Հայաստանում չեն գործում ազատ շուկայական հարաբերությունների օրենքները, և որ երկրում առկա մենաշնորհային քաղաքականության հովանավորի և պատժիչ մեքենայի դերում հենց կենտրոնական իշխանությունն է:

«Ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում»: Ս. Սարգսյանի այս մտքերն արդեն իսկ խոստովանություն են. Հայաստանում չեն ձևավորվել ազատ շուկայական հարաբերություններ, և ամենևին էլ հարաբերությունները չեն գին թելադրողը, այլ պետությունն առաջին դեմքի մակարդակով է միջամտում շուկային, գնագոյացմանը:

Ս. Սարգսյանը նաև խոստովանում է, որ Հայաստանի տնտեսությունը նստած է մենաշնորհային տնտեսության փուչիկի վրա, որը կառավարելու կամ այդ փուչիկը ծակելու ասեղն իր ձեռքին է: «Մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունն ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսվարողների ագահության պատճառ»,- հայտարարում է Ս. Սարգսյանը:

Գնաճի «ամանորյա բոնուսները»

Բենզին Regular - 390 դրամ – 430 դրամ,

Դիզվառելիք - 390 դրամ - 440 դրամ

Սեղմած գազ - 170-180 դրամ - 210-220 դրամ

Գնաճն այս ոլորտում միանգամից 10-15 տոկոս է:

Իսկ շարունակվող գնաճի պայմաններում արդեն մի քանի տարի է Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը մնում են կայուն ցածր՝ անփոփոխ:

2018թ.-ի պետական բյուջեի հնարավորությունները դարձյալ այնպիսին են, որ աշխատավարձի և թոշակի բարձրացման սպասում Հայաստանում չկա:

Սարգսյանի դեղատոմսը

Իսկ Սերժ Սարգսյանի դեղատոմսն անփոփոխ է. նա նույնն էր առաջարկում նաև 2014-ին, 2015-ին, 2016-ին… սուբսիդավորել:

«Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա, կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ»:

«Սարգսյանական» գործիքը կամ դեղատոմսը տարիներ շարունակ օգնել է Հայաստանի հիվանդ տնտեսությանն «ապրել մահվան մահճում», քանի որ Հայաստանի ղեկավարությունը կողմ չէ հիվանդ տնտեսությունը բժշկելուն, հակառակը, ինքն է վարակի սկզբնավորողն ու տարածողը և պարզապես ի վիճակի չէ պայքարելու իր տարածած վարակի դեմ: Այդ դեղատոմսն օգնում է գոյատևել դարձյալ շարքային քաղաքացու գրպանի հաշվին:

Պետական բյուջեից սուբսիդավորումը նույնն է, թե ՀՀ իշխանությունը մտնելով սեփական ժողովրդի գրպանը՝ պարգևատրում է տնտեսական այն ահռելի բուրգին, որը վարակ է տարածում, և որի վրա հենց նստած է իշխանությունը: Արդյո՞ք սա դեղատոմս է նշանակում, թե՞ վիտամինային հավելումների ներարկումներ այն ահռելի «մենաշնորհային» ժանտախտին, որը սնում ու պահում է սարգսյաններին:

Վերջին անգամ Հայաստանում աշխատավարձն ու թոշակը բարձրացել են 2015թ.-ի հուլիսի 1-ին

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ:

Կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար դրամ:

ԸՍՏ ՀՀ ԱՎԾ-ի՝ նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցում է աշխատավարձի և կենսաթոշակի չափերին՝ կազմելով 55 հազար 591 դրամ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝