Ս. Սարգսյանը եթե ուզենա, Գարեգին Բ-ին էլ կնշանակի պաշտպանության նախարար

918087

Վիգեն Սարգսյանի հոգևոր նոր պաշտոնը՝ խաչի քավորությունը, որքանով կօգնի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ապահովել երկրի անվտանգությունն ու հասնել ազգ-բանակ հայեցակարգի իրագործմանը, թերևս նրան է հայտնի:

Չէ՞ որ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձի ժամանակ արդեն հայտարարեց, որ 2017 թվականին «նոր զարկ են տվել զինված ուժերն ամրապնդելու գործին: Եվ իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում»:

Չնայած այս ամենին, թվերի վերլուծությունը տխուր արդյունքներ է արձանագրում:
ՀՀ Զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում զոհերի գերակշռող մասը շարունակում են կազմել խաղաղ պայմաններում զոհվածները: Ու այս տենդենցը նկատելիորեն մնում է անփոփոխ: 2017թ.-ի ընթացքում մահվան ելքով 59 դեպքից շուրջ 62 տոկոսը զոհվել է ոչ թե հրադադարի խախտման, այլ տարբեր այլ պատճառներով:

2014թ.-ին այդ ցուցանիշը հավասար է եղել 50 տոկոսի, 2015 թվականին՝ շուրջ 40 տոկոսի:

Ըստ Safesoldiers.am կայքի տվյալների՝ 1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ-ում մահվան ելքով բոլոր միջադեպերի շուրջ 71.5 տոկոսի դեպքում զինծառայողների մահվան պատճառը հրադադարի ռեժիմի խախտումը չէ:աղ1

1031 դեպքից 306-ը կամ շուրջ 29.5 տոկոսն է, որ զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով: Այս թվում՝ ընդգրկված են նաև ապրիլյան պատերազմի զոհերը: Մյուս բոլորի 71.5 տոկոսի դեպքում զինծառայողների մահվան պատճառը հրադադարի ռեժիմի խախտումը չէ:

աղ2

 2017թ.-ի տվյալներն ամփոփել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը. հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ -ում գրանցված մահվան ելքով 59 դեպքի մասին։ Որից միայն 22-ը հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում գրանցված զոհերն են, մյուս 37-ը զոհվել են տարբեր պատճառներով: Սա կազմում է մոտավորապես 62 տոկոս:

Այս թվերն անշուշտ վստահություն չեն կարող ներշնչել, որքան էլ ուղերձները ոգեշնչող լինեն:

Հայտնի չէ նաև՝ բանակի արդիականացման սերժսարգսյանական 7-ամյա ծրագիրը գրողները հաշվի կառնե՞ն տարիների տխուր վիճակագրությունը կամ դրանց լուծման համար ի՞նչ լուծումներ կառաջարկեն:

Հուսանք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավորի դերում հանդես գալը ոչ մի կապ չունի ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրի հետ:

Իսկ իրականում սա մի ներկայացում էր, որով կենտրոնական իշխանությունը փորձում է ևս մեկ անգամ ի ցույց դնել երկրի կառավարման իր՝ խմբակային մեթոդաբանությունը:

Ըստ «խմբապետի» հրահանգների՝ կատարվում է օրվա դերաբաշխումը՝ այսօր Շարմազանովն աբեղա է, վաղը կարող է լինել ԱԳ նախարար, կամ Վիգեն Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար է, բայց հանկարծ կարող է դառնալ խաչի քավոր, ինչու չէ, նաև հոգևորական: Գարեգին Երկրորդն էլ, ասենք, կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը:

Այսօրվա Հայաստանի պետական քաղաքականությունն է այդպիսին: Իսկ խմբակի անդամները պարզապես սիրում են կրկնել, որ երկրի թիվ մեկ դոկտրինը Զինված ուժերն են: Եվ ցավոք սրտի, փոփոխությունները, որոնք ներկայացվում են պարբերաբար, զուտ կերպարանային, կոսմետիկ բնույթ են կրում, և որոնք բովանդակային փոփոխության պարզապես չեն կարող հանգեցնել:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝