Ինչո՞ւ Բաքուն փոխեց իր պատվիրակներին ԵԽԽՎ-ում

Gagik-Hambaryan2

Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին, ըստ որի՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել. պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը: Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան, Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ, որին շատ մեծ ուշադրություն դարձնել պետք չէ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հասարակ և հստակ չէ նույն Ադրբեջանի համար:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը, Ադրբեջանի պատվիրակությունից հեռացված բոլոր պատգամավորների անունները կապված են ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, որն ավելի հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», երբ Ադրբեջանի պատվիրակներն ուղղակի գնում էին ԵԽԽՎ-ում եվրոպական շատ երկրների պատգամավորների ձայները՝ ադրբեջանամետ բանաձևերի քվեարկությունների ժամանակ «կողմ», իսկ հակաադրբեջանական բանաձևերի քվեարկության ժամանակ «դեմ» քվեարկելու համար, ինչպես նաև իրենց կողմից գնված պատգամավորներին պատվիրում էին հակահայկական բանաձևեր պատրաստել…

Ըստ Ջաֆարովի՝ եվրոպացի պատգամավորների գնման գործունեությամբ էին կոնկրետ զբաղված Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը… Այսինքն՝ պաշտոնական Բաքուն մինչ ԵԽԽՎ 2017թ.-ի ձմեռային նստաշրջանի սկսվելը ստիպված է մաքրել իր պատվիրակությունն այն անդամներից, որոնց անունները 2016թ.-ի դեկտեմբերին իտալական իրավապահներին տվել է ադրբեջանական «նավթախավիարային դիվանագիտության» ամենակարկառուն դեմքերից մեկը՝ ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ով համաձայնվել է համագործակցել հայրենի իրավապահների հետ և բավական սկանդալային բացահայտումներ արել իր ցուցմունքներում…

Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Լուկա Վոլոնտեն հայտարարել է, որ կոնկրետ իրեն հասել է 2,39 միլիոն եվրո կաշառք, որը նրան տվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Էլխան Սուլեյմանովը՝ որպես գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդատվության հոնորար… Վոլոնտեն բացահայտել է, որ այդ գումարները նա ստացել է բրիտանական 4 բանկերի միջոցով… Բրիտանական “The Guardian”-ը, որը ևս մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթախավիարային դիվանագիտության կոռուպցիոն և հանցագործ սխեմաների բացահայտման գործում, նշում է, որ Սուլեյմանովի կողմից Վոլոնտեին գումարներ փոխանցող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար շինծու են… Վոլոնտեն նշել է, որ հենց Էլխան Սուլեյմանովն է եղել այն մարդը, ում միջոցով կաշառվել են ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ… Այն ընկերությունը, որի միջոցով Վոլոնտեն ստացել է իրեն հասու 2,39 միլիոն եվրո կաշառքը, այլ պատգամավորների և պաշտոնյաների հաշիվներին փոխանցել է մոտ 1 միլիարդ եվրո գումար…

Պաշտոնական Բաքուն, որը հերյուրանքներ էր անվանում եվրոպական և հատկապես բրիտանական և իտալական ԶԼՄ-ներում հրապարակված Բաքվի «խավիարային դիվանագիտության» հանցավոր գործունեության մասին հոդվածները, ստիպված է շատ արագ փոխել ԵԽԽՎ-ում իր պատվիրակության այն անդամներին, որոնց անունները բազմիցս հայտնվել են եվրոպական ԶԼՄ-ների էջերում, և չի բացառվում, որ Լուկա Վոլոնտեի ցուցմունքների արդյունքում նրանց դեմ ևս քրեական գործեր հարուցվեն: Ադրբեջանը նաև ստիպված է հեռացնել ԵԽԽՎ-ի իր պատվիրակությունից կոռուպցիոն սխեմաների վարպետներ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին, քանի որ նույն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու, ինչպես նաև ռուսաստանցի երեսփոխանների հետ Սիրիա այցելելու համար (չեմ զարմանա, եթե պարզվի, որ Մոսկվան գնել էր Ագրամունտի այցը Դամասկոս) 2017թ.-ի հոկտեմբերի 6-ին իր պաշտոնից հեռացավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝ Իլհամ Ալիևի և պաշտոնական Բաքվի ամենամոտ ընկերը ԵԽԽՎ-ում…

Ագրամունտի հեռանալը, ինչպես նաև «նավթախավիարային դիվանագիտության» «մութ» կողմերի բացահայտումը շատ մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ում Բաքվի դիրքերին… Իլհամ Ալիևին մնում է ԵԽԽՎ-ում հույսը դնել Սամեդ Սեիդովի վայրահաչության և Գանիրա Փաշաևայի լաչառության վրա…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիտվել է՝