«Առաջին փորձությանն ընդամենը հաշված օրեր են մնացել, ու դրան Հայաստանը պետք է պատրաստվի»

Ռուբեն Մեհրաբյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Պարոն Մեհրաբյան, արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից ինչպիսի՞ն էր անցնող տարին Հայաստանի համար: Ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կցանկանայիք մատնանշել:

-Եթե անցած տարին ի մի բերենք և արդյունքներին նայենք, հանրագումարում, իհարկե, թիվ մեկ իրադարձությունը և նաև, այո, ձեռքբերումը պետք է համարել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը Բրյուսելում, բայց, իհարկե, դա միակը չէր: Ի վերջո, պետք է փաստենք նաև հետևյալը, որ անցյալ տարին նշանավորվեց նաև նրանով, որ ՀՀ-ն շատ կարևոր քայլ արեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ. դա մասնակցությունն էր Վրաստանում անցկացված զորավարժություններից մեկին, բայց չմասնակցելը մյուսին, ու այս իմաստով կարծում եմ, որ մենք պետք է համարենք, որ, այնուամենայնիվ, բաժակը կիսալիքն է և ոչ կիսադատարկ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տեղի ունեցավ Երևան, տեղի ունեցավ շատ դրական նոտաների վրա, ու կարծում եմ, որ կան նախադրյալներ, որ այդ կիսալի բաժակը լցվի ամբողջությամբ գոնե այն չափով, որը որ հնարավոր է: Իհարկե, հաշվի ենք առնում այն իրողությունները, որոնք ապրում է Հայաստանը, ընդ որում, այդ իրողությունները ձևավորվել են ոչ մեկ տարվա ընթացքում, դա արատավոր քաղաքականության հետևողական իրագործման արդյունք էր, ու բնականաբար մեկ տարվա մեջ, մեկ միջոցառմամբ կամ մեկ քայլով չէ, որ կարելի է այդ ամենը հետ բերել:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝