Հայ Առաքելական Եկեղեցում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ

image

Այսօր երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել:

Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, եւ հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցում կատարվում է ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: Հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները:

Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով եւ «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ:

Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը:

Դիտվել է՝