Իրանում իրավիճակը կայունացել է, ասում է «Ալիք» թերթի գլխավոր խմբագիրը

78692

Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերը դադարել են և իրավիճակը հանդարտվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք»  թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Դրա հետ մեկտեղ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր հանրահավաքների մասնակիցները աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին:

«Երեկ և այսօր տեղի ունեցան կառավարական համակարգին պաշտպանող ուժերի քայլերթեր և ցույցեր: Երեկ դրանք տեղի ունեցան կենտրոնական խոշոր քաղաքներում, այսօր կլինեն նաև այլ բնակավայրերում»,- ասում է Դերենիկ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքերով Իրանի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռոհանիի, սկզբնական շրջանում ընդունել էին, որ ցուցարարների տնտեսական պահանջներն ունեն արդարացի բնույթ: Հետագայում, ըստ Ալիք օրաթերթի խմբագրի, դրանք վերաճեցին քաղաքական և հակակառավարական լոզունգների, արձանագրվեցին հարձակումներ իրավապահների ու զինվորականների դեմ, որի արդյունքում բախումներն ավելի սաստակացան և գրանցվեցին զոհեր, իսկ Իրանի իշխանությունները բարձրաձայնեցին օտարերկրյա միջամտության փորձերի մասին: Ըստ Մելիքյանի, քաղաքական բնույթի պահանջները սակայն ծավալուն բնույթ չէին կրում:

Մելիքյանի կարծիքով Իրանի կառավարության ձեռնարկած որոշ քայլեր օգնեցին կայունացնել իրադրությունը:

«Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ, որոնք նախանշան են կառավարության պատրաստականության լուծելու տնտեսական խնդիրները: Գործադիրին աջակցում է երկրի օրենսդիր մարմինը , որը նախատեսում է որոշումներ ընդունել այս ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Ամերիկյան վերլուծաբաններ իրենց հերթին կարծում են, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել արաբական երկրների հեղափոխություններից, ինչի արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ էին՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ: American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Ալեքս Վատանգան էլ գտնում է, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին և հայտնվել ճաղերի հետևում:

«Իրավիճակը փոխվել է: Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ, և վարչակարգը պետք է լուրջ մտածի, թե ինչպես է գործում»,- ընդգծում է Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից:

Ցույցերի ժամանկ ձերբակալություններին անդրադարձավ նաև Դերենիկ Մելիքյանը:

«Նախկին օրերին ձերբակալված պատանի ցուցարարներն արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մի հատված էլ պետք է անցնի դատական գործընթացի միջով: Իրավապահները հայտարարել են, որ եթե նրանց գործողություններում չհայտնաբերվի որևէ չարաշահում կամ այլ միտումներ, նրանք ևս ազատ կարձակվեն»,- նշում է Դերենիկ Մելիքյանը:

«Ալիք» թերթի խմբագիրը խոսեց նաև քաղաքական այս ճգնաժամի օրերին իրանահայ համայնքի դիրքորոշման մասին.

«Ներքին խնդիրների վերաբերյալ սկսած 79 թվականի հեղափոխությունից ի վեր իրանահայությունը ուղակի դիրքորոշման անհրաժեշտություն չի ունեցել: Միշտ հակված է եղել կանգնել համընդհանուր շահերի ու համաժողովրդական պահանջների, ինչպես նաև՝ Իրանի պետականության կողքին՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանին սահմանակից կարևոր երկիր է: Ցանկանում ենք տեսնել կայունություն և խաղաղություն և անշուշտ, եթե կան սոցիալական, տնտեսական դժգոհություններ, իրանահայությունը ևս դրանց կողքին է»,- ասում է Մելիքյանը

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները մեղադրեցին օտար ուժերին, մասնավորապես ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային ցույցերի հրահրման մեջ: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել բողոքի ցույցի մասնակիցներին:

Amerikayidzayn.com

Դիտվել է՝