Միգուցե ես միամի՞տ եմ, թե՞ աշխարհն է «զարգանում»

svitalski

Աչքովս ընկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության անձնակազմի Ամանորի շնորհավորական գեղեցիկ տեսաուղերձը:

ԵՄ աշխատակիցներն անհոգ երգում էին, ոսկեգույն աստղերով մակնշված խաղալիքներ կախում տոնածառին եւ տեսակավորում ամանորյա նվերները: Իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին բարի Ձմեռ պապիկի կերպարով է, լայն ժպիտով, պարկը շալակին, որի վրա գրված է՝ «ԵՄ-ն Հայաստանի համար»:

Ի՞նչ կա Ձմեռ պապիկի պարկում, եւ ինչպես ասում են, ո՞ւմ տուն կմտնի Ձմեռ պապիկը՝ պարկը շալակին…

Վերջերս Հայաստանում շատ բան է արժեզրկվել՝ անգամ դիվանագիտությունը. բանակցային լեզուն դարձել է խիստ պարզունակ ու մանրախնդիր: Ի վերջո, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունն էլ երկարատեւ մակընթացություններից եւ տեղատվություններից հետո հասավ իր հանգրվանին. ձեւավորվեց մի միություն, որտեղ արժեքն ընկալվում է որպես պահանջմունք բավարարող տնտեսական կատեգորիա:

Արդյոք Հայաստանի իշխանությունների՞ «ձեռքբերումն» էր, որ ԵՄ-ն սկսեց նրանց հետ հարաբերվել «ըստ էության», իրենց լեզվով եւ բառապաշարով, ժողովրդավարության մասին ճառերի փոխարեն շատ կոնկրետ «գործի անցնելով», թե՞ ի սկզբանե էլ եվրոպացի պաշտոնյաները գիտեին՝ ինչու եւ ում հետ են բանակցում, եւ թե ինչ է պետք բանակցողին:

Իսկ իշխանությունների ակնկալիքը ԵՄ-ից ամենեւին էլ նրանց փորձն ու խորհրդատվությունը չէր, այլ կոնկրետ, շոշափելի բան:

«Եվրոձմեռպապիկներն» էլ շատ արագ ըմբռնեցին ՀՀ կառավարման համակարգի, Սերժ Սարգսյանի վարչախմբի մտահորիզոնի բնույթն ու ախորժակի սահմանները, եւ դիվանագիտական ճկունությամբ անմիջապես փոխվեց բանակցային լեզվի հռետորաբանությունը:

ԵՄ պաշտոնյաներն իրենց հանդիպումների եւ հարցազրույցների ժամանակ սկսեցին անընդհատ խոսել Սերժ Սարգսյանի վարչախմբի համար ամենացանկալիի մասին՝ հստակ հասկացնելով եւ հրապուրելով՝ ԵՄ-ն փող ունի եւ պատրաստ է տալ, շատ տալ, անգամ այնքան, որ Հայաստանն այդ առումով դառնա արտոնյալ երկիր:

Բրյուսելի աջը ՀՀԿ առաջնորդի գլխից անպակաս… «Քաղաքական մեղրամսից» մի պահ կտրվենք: Տարօրինակն այլ բան է: Եթե Սերժ Սարգսյանի հետ սկսեցին հարաբերվել իր լեզվով, հայ հասարակությա՞ն հետ շփումներում ինչու կլոնավորվեց նույն լեզվամտածողությունը:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ պատվիրակության ղեկավարը հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներում առանցքայինը դարձրեց եվրոպական ֆինանսական հոսքերի մասին շեշտադրումները:

Գուցե ամենեւին պատահական չէ, որ ամանորյա գեղեցիկ հոլովակում խնամքով փաթեթավորված նվերների հասցեատերերը նաեւ հասարակության տարբեր շերտեր են: Նրանց հետ շփումներո՞ւմ էլ է, ինչպես վարչախմբի հետ, Եվրամիությունը որդեգրելու €-ով գայթակղելու մարտավարությունը:

Արդյո՞ք եվրոպաշտոնյաների պատկերացմամբ հայ հասարակության ակնկալիքն էլ է նույնը, ինչ Սարգսյանինը: Ինչո՞ւ €-ն ստվերեց մեր ժողովրդավարական ձգտումները եւ համամարդկային արժեքները, ինչո՞ւ անտեսվեց Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու շահը: Իսկ գուցե հմուտ դիվանագետի հայացքն՝ ուղղված Հայաստանին, նմա՞ն տպավորություն է ստեղծել, որ 26-ամյա մեր պետությունն այնքան ինֆանտիլ է, որ դեռ կարելի է ձմեռ պապիկի տոպրակի մեծությամբ գայթակղել: Գուցե նա նկատել է մի բան, որը մե՞նք չենք նկատում՝ լինելով այս միջավայրի ծնունդը, եւ թույլ ենք տվել եվրոչինովնիկներին մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս հետ շփվել այն նույն լեզվամտածողությամբ, ինչ վարչախմբի հետ՝ մոռանալով սկզբունք եւ գաղափար:

Ես, եվրոպական արժեքներ ասելով, բոլորովին այլ բան եմ հասկանում, մասնավորապես, անկաշառ ընտրող եւ ազնիվ թեկնածու, արդարամիտ դատավոր եւ պարկեշտ ոստիկան, ժողովրդավարական արժեհամակարգ եւ, վերջապես, երկիր՝ առանց քաղբանտարկյալների:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ բացառապես նյութականի վրա խարսխված երկխոսության կողմերից մեկը վաղ թե ուշ «գցելու» է մյուսին, որքան էլ Ձմեռ պապիկն աստղազարդ պարկերով փորձի գայթակղել ու զվարճացնել: Ինչո՞ւ… որովհետեւ պարկում միայն փող կա, իսկ փողը միշտ քիչ է եւ արագ վերջանալու հատկություն ունի ՀՀ իշխանական վերնախավի գրպաններում:

Իսկ միգուցե ե՞ս եմ այնքան միամիտ, որ մանկահասակ երեխաներիս «ծանրաբեռնում եմ» համամարդկային արժեհամակարգի մասին ծնողական խրատներով, թե՞ իրական արժեքներն այսօր վերաիմաստավորվել կամ անէացել են մոնոլիտ համակարգերի նյութապաշտության տիրույթում:

Հարց, որն այնքա՜ն տարահունչ է Ձմեռ պապիկի լայն ժպիտին եւ անհաղորդ տոնական տրամադրությանը:

Արմենուհի Վարդանյան

Տեսանյութը՝ ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝