Նոր տարվա սովորույթներ, որոնք գալիս են Հին Հայաստանից

15492597_584221891781127_8994619729167263986_n

Ամանորը Հայաստանում հիմա նշվում է մեծ շուքով, սակայն կորցրել է երբեմնի խորհուրդն ու ծիսական բնույթը, որոնք գալիս էին հայ ժողովրդի կենցաղավարությունից և հավատալիքներից:

Մեր նախնիներն ավանդական Նոր տարին անվանում էին Նավասարդ և նշում էին գիշերահավասարի օրը, գարնանը՝ մարտի 21-ին: Ավելի ուշ սկսեցին տոնել օգոստոսի 11-ին, իսկ 1920 թվականից՝ հունվարի մեկից:

Դեռևս հնուց ժողովրդի մեջ արմատացել են մի շարք ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչև այսօր: Դրանցից են, օրինակ, բարձր տրամադրությամբ Ամանորը դիմավորելը և երբեք Ամանորի դիմաց դուռ չփակելը:

Հայ գյուղացիներն Ամանորի գիշերը սկսում էին բացել դռները, երբ հնչում էին եկեղեցու զանգերը: Սա իր մեջ չարը վանելու և նորն ու բարին տուն թողնելու խորհուրդն ուներ: Հիմա էլ շատ ընտանիքներում ընդունված է ամանորյա զանգերի ղողանջի հետ բացել դռները, ջուր ցանել տան հատակին ու անկյուններում՝ որպես առատության ու բարեբերության խորհրդանիշ:

Նոր տարվա օրերին ընդունված չէ նաև դռներ կողպելը Հայաստանում, եթե անգամ հյուր են գնում, տանը առնվազն մեկ հոգի պետք է մնա՝ հյուրերին ընդունելու և նրանց դիմաց դռներ բացելու համար:

Հնում առավոտյան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի երկար տարիներ իր տնից անպակաս լիներ: Այդ օրն առհասարակ խուսափում էին ինչ-որ բան գնել, որպեսզի փողը դուրս չգար և տարվա ընթացքում փողն անպակաս լիներ:

Հին հայերը խուսափում էին նաև մեկը մյուսին փոխ տալ կամ առնել, հատկապես՝ հաց, ալյուր, թթխմոր և դրամ: Ճիշտ հակառակը՝ Ամանորը դիմավորում էին առատ հացով ու ջրով:

Ամանորի նախօրեին ամենուր հաց էին թխում. եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Իսկ թարմ ջուր բերելու պարտականությունը երիտասարդներինն էր:

Ինչպես հիմա է, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքով, որպեսզի հաջողակ լիներ տարին տանտիրոջ համար:

Ամանորի համար պատրաստվող ուտելիքները ևս ունեին չարը կանխարգելելու, հաջողություն բերելու միտումներ:

Ընդեղենն առհասարակ համարվել է հմայող, հաջողություն բերող: Այսօր էլ ընդեղենն ամանորյա սեղանին համարվում է պարտադիր պայման:

Դիտվել է՝