Գյումրու ավագանին տապալեց մանկապարտեզներն անվճար դարձնելու համար կառավարությանը դիմելու ԳԱԼԱ-ի նախագիծը

gyumri avagani

Գյումրիի ավագանու այս տարվա վերջին նիստը կայացավ: Օրակարգում ընդգրկվել էր ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ՀՀ կառավարությանը մանկապարտեզների խնդրով դիմելու համար:

Հիշեցնենք, այս հարցը բուռն քննարկման արժանացավ նաեւ չորս հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ: Այսօր ԳԱԼԱ խմբակցության քարտուղար եւ տվյալ հարցով զեկուցող Քրիստինա Մկրտչյանը նշեց, որ եթե էլի կան չպարզաբանված հարցեր ավագանու անդամների մոտ, ապա պատրաստ է պատասխանել դրանց, եթե ոչ, թեմայի վերաբերյալ քննարկումներ եղել են, եւ բոլորը ծանոթ են նախագծի մանրամասներին:

Հիշեցնենք, ԳԱԼԱ-ի առաջարկն էր Գյումրի համայնքի ավագանու կողմից ուղերձ հղել կառավարությանը Գյումրիին 550 մլն դրամ հատկացնելու համար, որպեսզի ինչպես Երեւանում, Գյումրիում եւս մանկապարտեզները լինեն անվճար:

«Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչներից Արմեն Տոնոյանը կրկնեց Սամվել Բալասանյանին, թե հարկավոր է սպասել, տեսնել՝ ինչպես կլուծի խնդիրը կառավարությունը:

Ի պատասխան Քրիստինա Մկրտչյանը վերստին հարկ համարեց հիշեցնել, որ ֆինանսական հատկացում կառավարությունը չի պատրաստվում անել, եւ ժամանակավրեպ է սպասել, թե ինչ կառաջարկի կառավարությունը:

Հարցը դրվեց քվեարկության:

Կողմ քվեարկեցին ավագանու տասը անդամներ. ԳԱԼԱ խմբակցությունից երեք ներկայացուցիչ, երեք ներկայացուցիչ «Հայկական Վերածնունդ»-ից եւ 4 ավագանու անդամ՝ ԲՀԿ-ից:

«Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները քվեարկեցին ձեռնպահ: Ձեռնպահ էր նաեւ մեկը ՀՎԿ-ից՝ Հենրիկ Պողոսյանը, ԲՀԿ-ից եւս երկու անդամ ձեռնապահ էին, երկուսը չմասնակցեցին քվեարկությանն առհասարակ:

Օրակարգային մյուս հարցը Գյումրի համայնքի 2018 թվականի բյուջեն էր:

Եկամուտների մասով այն կազմում է 3.357.033.7 (երեք միլիարդ երեք հարյուր հիսունյոթ միլիոն երեսուներեք հազար յոթ հարյուր) դրամ, նույնքան են կազմում ծախսերը:

Գյումրիի համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը բյուջեն համարեց իրատեսական եւ լավատեսական:

Ավագանու որոշմամբ դրամական պարգեւատրումներ կհատկացվեն գյումրեցի ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանին եւ նրա մարզչին: Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցին ջեռուցման նպատակով եւս գումար հատկացվեց:

Երրորդ նստաշրջանն ավարտվեց: Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի օր սահմանվեց 2018 թվականի փետրվարի 19-ը:

Դիտվել է՝